Իրանի ԱԳՆ-ն հերքել է նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության՝ Իսրայելի մեղադրանքները
Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հերքել է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, որոնք հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Մարտի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքներն, այլ նաեւ հետեւել ենք այդ պետության (Իսրայելի) բոլոր գործողություններին, որոնք ուղղված են Իրանի անվտանգության դեմ»,- ասել է նա: Դիվանագետը հավելել է որ «տարածաշրջանում անկայունության եւ ոչ անվտանգության հիմնական պատճառն Իսրայելի վարչակարգն է»: Մարտի 1-ին ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանին մեղադրել է անցած շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Նրա խոսքով, «անտարակույս, դա եղել է Իրանի գործողությունը»:
Փետրվարի 26-ին Միացյալ Թագավորության Ծովային առեւտրական կազմակերպությունն իրազեկել է Օմանի նեղուցի ափի մոտ նավի վրա պայթյունի մասին, ոչ ոք չի տուժել: Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Dryad Global ընկերությունը, որն զբաղվում է ծովում անվտանգության ապահովման հարցերով, հայտնել է, որ խոսքը վերաբեում է Helios Ray նավին, որը Սաուդյան Արաբիայի Դամմամ նավահանգստից մեկնում էր Սինգապուր: Գործակալության տվյալներով՝ այդ նավը պատկանում է Թել Ավիվից մի ընկերության եւ օգտագործվում է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: