ԱԺ նախագահը քաղաքական ուժերին կոչ է արել հանդես գալ մեկ ճակատով՝ մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ է արել բոլոր անհատներին, քաղաքացիական խմբերին, կուսակցություններին՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի՝ մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և հանդես գալ մեկ ճակատով՝ մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք։

«Այսօր գարուն է։

Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, ոստիկաններ Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը 13 տարի առաջ մարտի 1-ին երազում էին ապրել ազատ, ժողովրդավարական և երջանիկ Հայաստանում։ Մարտի 1-ին ապօրինի հրամանի արդյունքում կիրառված զինվորական ուժի արդյունքում 10 տարով կասեցվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղին։

Այս օրերին, երբ անթույլատրելիորեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը։

Ուստի կոչ եմ անում բոլոր անհատներին, քաղաքացիական խմբերին, կուսակցություններին ի հիշատակ մարտի 1-ի զոհերի մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և մեկ ճակատով հանդես գալ` մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք։ Մեր հայրենիքն այլևս չպիտի անցնի նման փորձության միջով։

Այսօր գարուն է»,- կոչ է արել ՀՀ ԱԺ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031