Ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով վավերացված փաստաթղթերը ՌԴ-ում չեն ընդունում. մանրամասնում է Դավիթ Բաբայանը
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթը, ներկայացրեց հիմնական զեկուցող՝ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին նախագիծը և Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին նախագիծը։
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը հարց ուղղեց Դավիթ Բաբայանին, թե ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով վավերացված փաստաթղթերը ՌԴ-ում չեն ընդունում, պատճառաբանելով, թե Արցախը չճանաչված պետություն է։
Պատասխանելով, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ հարցը քաղաքական է, և այդ ուղղությամբ պետք է աշխատեն և կարողանան գոնե ոչ հրապարակային ձևով հասնել ինչ-որ արդյունքների։
«Այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք, պարզապես բոլորին խնդրում, հորդորում եմ, որպեսզի հնարավորինս էմոցիաներով չտարվենք, լինենք դիվանագետ, քանի որ յուրաքանչյուր խոսք, հայտարարություն կարող է մեր աշխատանքին վնասել։ Այդ ուղղությամբ համատեղ աշխատելու ենք։ Եթե կա արտաքին քաղաքականության տեսլականի վերաբերյալ հիմնարար, սկզբունքային ինչ-որ դիրքորոշում, ամպայման քննարկենք մեկս մյուսի հետ»,- նշեց Դավիթ Բաբայանը։