Հայ ռազմագերիների առնչությամբ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող նախագծի դռնփակ քննարկումն ԱԺ-ում
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դռնփակ քննարկվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ նախագիծը։
Օրենքի նախագիծը ներկայացրել են ԱԺ անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը և Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ նախագծի քննարկումը նախատեսված էր փետրվարի 26-ին, սակայն անհայտ պատճառներով քննարկումը հետաձգվել էր մինչև մարտի 1-ը։
Ըստ նախագծի՝ 2020թ. դեկտեմբերի 08-ին ընդունված ՀՀ ԱԺ ուղերձից անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց:
Ադրբեջանը կրկին արհեստականորեն ձգձգում է իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների հայրենադարձման գործընթացը, ավելին, նախաձեռնում քրեական հետապնդման ընթացակարգեր նրանց նկատմամբ, համարում ահաբեկիչներ, կալանավորում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները: Այս կերպ Ադրբեջանը փորձում է իրավական գործընթացների նենգափոխման և չարաշահման միջոցով իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին արհեստականորեն տալ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելով՝ խոչընդոտել նրանց հայրենադարձմանը:
Ըստ նախագծի հեղինակների, նախագծի ընդունմամբ նպատակ ունեն խորհրդարանական երկրի Ազգային ժողովի հայտարարությամբ ՝
- դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը,
- միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին՝ հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ:
Նախագծի ընդունմամբ՝ հեղինակներն ակնկալում են միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացի կյանքի կոչմանը: