
Ինչո՞ւ են բուժաշխատողներին ստիպում ստորագրել նվազեցված դրույքաչափով աշխատանքային նոր պայմանագրեր

168.am-ը տեղեկություն է ստացել, որ տարբեր հիվանդանոցներում բուժաշխատողներին ստիպում են ստորագրել ավելի ցածր աշխատավարձով աշխատելու նոր պայմանագիր, չստորագրելու պարագայում՝ հեռացնում աշխատանքից:
Քանի որ մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անցուդարձին էին վերաբերում՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմեցինք այդ բժշկական կենտրոնին:
Այնտեղից, ինչպես և սպասելի էր, նշեցին, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Մենք, սակայն, հրապարակում ենք մեզ փոխանցված պայմանագրի օրինակը, որով բուժաշխատողին հայտնում են՝ «նվազել է Ձեր զբաղեցրած հերթապահ կրտսեր բուժաշխատողի դրույքաչափը»:
Նկատենք՝ հիվանդանոցն իրավունք չունի դրույքաչափ նվազեցնել՝ առանց Առողջապահության նախարարության:
Ի՞նչ է ստացվում, պետական բյուջեն լցնելու համար նորից այս խավի՞ց են կսմթում. ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից խոստացան պարզաբանել. 168.am-ը պարզաբանումը ստանալուն պես կհրապարակի: