«ԱՀ իշխանությունները չեն կարող ներգրավված լինել որևէ կողմի հանրահավաքներին մասնակցության կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակելու գործընթացում». Լուսինե Ավանեսյան
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20.000 դրամ և տրասնպորտ է հատկացնում Արցախից Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ բերելու համար։
Հանձնարարված է 1000 մարդ հավաքել:
168.am-ի հետ զրույցում ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը տարածված լուրը համարեց ապատեղեկատվություն:
«Արցախի իշխանություններն անհանգստությամբ հետևում են Մայր Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին՝ ազգանպաստ և պետականամետ լուծում ակնկալելով: Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահը որոշ միջնորդական ջանքեր է գործադրել իշխանությունների ու ԶՈՒ հրամանատարության միջև երկխոսության ապահովման նպատակով: Արցախի իշխանությունները, նախագահը և պետական մյուս հաստատությունները չեն կարող ներգրավված լինել որևէ այլ գործընթացում, մանավանդ՝ որևէ կողմի հանրահավաքներին մասնակցությունը կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակությունը: Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և խիստ դատապարտելի հատկապես այս լարված իրավիճակում»,-նշեց նա: