Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը և այլ սորոսականներ` ընդդեմ նախագահի
2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը:
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս արձանագրում ենք, որ նախագահի առարկությունները չեն պարունակում իրավական հիմնավորումներ, հակասում են իր իսկ նախկին գործելաոճին և ապավինում են ոչ թե ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին, այլ ԳՇ ղեկավար կազմի մի մասի հակասահմանադրական հայտարարությանը։ Այսպես.
- Հանրապետության նախագահի առարկություններն ակնհայտորեն հակասում են Սահմանադրության 133-րդ, 155-րդ և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածներին,
- նախագահը նախկինում ԶՈւ ԳՇ երկու պետերին պաշտոնից ազատել է նույն իրավակարգավորումների շրջանակում, առանց այդ գործընթացի օրինականությունը կասկածի տակ դնելու,
- առարկությունում նախագահը, բացի ԳՇ պետի պաշտոնանկության օրինականության հարցից, նաև հիշատակում է ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի վերոնշյալ հայտարարությունը՝ հստակ ասելով, որ նաև այդ հիմքով է դեմ ԳՇ պետի պաշտոնանկությանը, որի իրավունքը Սահմանադրությամբ չունի:
Այսպիսով, Արմեն Սարգսյանն աջակցում է Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ Զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սկզբունքի ոտնահարմանը: Ընդ որում, նախագահը դա անում է այն պարագայում, երբ մայր օրենքի 123-րդ հոդվածի 2-րդ մասով հենց իր վրա է դրված Սահմանադրության պահպանման պարտականությունը:
Ավելին, հաշվի առնելով, որ նախագահի այս մոտեցումը առաջ է եկել միայն այն բանից հետո, երբ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը հնչեցրել է նույն քաղաքական պահանջը, ինչը որ ինքը` նախագահը (կառավարության հրաժարականի պահանջը), կարելի է վստահաբար եզրակացնել, որ Արմեն Սարգսյանը նաև խախտել է Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախագահի անաչառության պահանջը:
Պատկերն ամբողջականացնելու համար հարկ է հիշեցնել, որ սա Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրության խախտման արձանագրված առաջին դեպքը չէ: 2000-ականներին նա տարիներ շարունակ խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու Սահմանադրությունը՝ ապօրինաբար միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իսկ 2013 թվականին խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի հակակոռուպցիոն կարևոր կարգավորումը. նշանակվելով դեսպան՝ չի ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր: Այս հանգամանքներին քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ անդրադարձել են 2018 թվականի փետրվարի 13-ի և մարտի 5-ի հայտարարություններում։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս Ազգային ժողովից պահանջում ենք նախաձեռնել իրավիճակից բխող քայլեր` հանրապետությունում սահմանադրական կարգի պաշտպանության ուղղությամբ:
Միաժամանակ, մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ որևէ կերպ չի կարող խաթարվել ժողովրդի` ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը, և որ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է:
Ավելորդ չենք համարում նաև նշել, որ սահմանադրական կարգին սպառնացող այս իրավիճակի պատասխանատուն հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական թիմն է, որը քաղաքական գնահատական չտվեց անցյալին, չիրականացրեց դատական համակարգի պատշաճ բարեփոխում և կոռուպցիոն օղակներին չզրկեց հանրային կյանքի վրա ապօրինի ազդեցություն ունենալու հնարավորությունից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն
Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ