Վնասվածքները անհամատեղելի էին կյանքի հետ. Սրապ Շահինյանը հոկտեմբերի 6-ին մահացավ…
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի դեմ։ Հայ ազգը կրկին ոտքի կանգնեց։ Զինվոր էին բոլորը՝ բանվորն ու գյուղացին, մարզիկն ու գործարարը, շինարարն ու ոստիկանը… Բոլորը։
Մի քանի հերթափոխով ռազմաճակատ մեկնեցին ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ տարածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Նրանցից մեկն էլ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սրապ Շահինյանն էր։
2012-ից 2014 թվականներին ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Արցախում։ Ոստիկանության համակարգ էր ընդունվել 2014 թվականին։ Սկզբում ոստիկանության Կումայրիի բաժնում քրեական հետախուզության օպերլիազոր էր։
2019 թվականի դեկտեմբերից ոստիկանության Շիրակի մարզային վարչության քերական հետախուզության ավագ օպերլիազորն էր։
2020 թվականի սեպտեմբերին Սրապ Շահինյանը զինվորագրվեց ու մեկնեց Արցախ։ Հոկտեմբերի 4-ին գործընկերների հետ հասան Շուշի, և նույն օրը ոստիկանության կապիտանը ծանր վիրավորվեց թշնամու արկի պայթյունից։ Նա տեղափոխվեց Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Սակայն վնասվածքները անհամատեղելի էին կյանքի հետ, և Սրապ Շահինյանը հոկտեմբերի 6-ին մահացավ…
2016 թվականին ընտանիք էր կազմել Հասմիկի հետ։ Ունեն մեկ դուստր՝ Թամարան։ Մեկնելուց առաջ կնոջն ասել էր՝ եթե ինքը չգնա կռիվ, ապա ո՞վ պետք է գնա։ Ասել էր՝ գնում եմ, որ դուք խաղաղ ապրեք։
Այսօր փոքրիկ Թամարան հոր կարոտն առնում է լուսանկարներից։ Բայց դեռ շատ պատմություններ է լսելու ոստիկան հոր մասին, որ հանուն իրեն ու հանուն բոլոր փոքրիկների գնաց կռիվ ու բռնեց անմահության ճանապարհ։