«ՀՀ–ում գործակալական, թուրքական շարասյունը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, օր առաջ այդ շարասյունը պետք է հեռացնենք»․ Սեյրան Օհանյան

«Մենք այսօր մտահոգված ենք միայն մեկ հարցով՝ մեր երկիրը դեպի առաջընթաց տանելու և այս իշխանություններից ձերբազատվելու հարցով»,- ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Կարծում եմ՝ ոչ միայն այսօրվա հանրահավաքի մասնակիցներն են մեզ հետ, այլ Հայաստանի և Արցախի զգալի մասը մեզ հետ է, և մենք պետք է կարողանանք այս թափանիվն օրըստօրե պտտացնել, մեր համակիրների շարքերը լրացնել և հասնել նրան, որ ունենանք ավելի գրագետ, ավելի փորձառու, ավելի հեռանկարային իշխանություն»,-  ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայում տիրող իրավիճակը՝ միանշանակ դավադրության և ապիկար կառավարման արդյունք է, և, որ դրա մասին միայն երկրի ներսում չեն խոսում․

«Դրա մասին խոսում են մեր հարևանները, խոսում են աշխարհի առաջատար ուժերը, դրա մասին են հայտնում նույնիսկ մեր թշնամիները։ Վերջին 2-3 օրերին միայն Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության ասածները խոսում են նրա մասին, որ մեզ մոտ գործում է լայն գործակալական մի մեծ շարասյուն, որի գլխավերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Ես երբևիցե անուններ չեմ ձգտել տալ, բայց այսօր նորից համոզվում եմ դրանում, որ գործակալական, թուրքական շարասյունը Հայաստանի Հանրապետությունում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, և օր առաջ այդ շարասյունը, այդ կալոննան պետք է հեռացնենք Հայաստանի Հանրապետությունից։ Նիկոլ Փաշինյանն է անձամբ պատասխանատու պատերազմի պարտության համար, նա է ամենակարևոր մեղավորը, որովհետև նա մերժեց մեր գործընկերների հետ հարաբերությունները, նա մերժեց անվտանգային համակարգային գործունեությունը ՀԱՊԿ–ի շրջանակներում, նա մերժեց Մինսկի ֆորմատը, և օրեր առաջ Ալիևն ինքն անձամբ իր լեզվով ասաց, որ Փաշինյանն ինքն է նախաձեռնել, որպեսզի մենք երկուսով՝ խոսենք, մտածենք, պլանավորենք Արցախի հարցը լուծելու ուղղությամբ։ Եվ ինչպե՞ս նա լուծեց, նա լուծեց պատերազմով և տարավ դեպի պարտություն, սրանում մենք օրըստօրե համոզվում ենք…»։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությանը, ասելով, որ բանակը ճի՛շտ է անում, որ չի ենթարկվում այս ապիկար իշխանություններին․

«Բանակը ինքը զգալով այդ վտանգը, որ ստվերային պայմանավորվածություններով տվեցինք ամեն ինչ, այսօր տալու ենք նաև Հայաստանի մի մասը։ Բանակը ճի՛շտ է անում, որ չի ենթարկվում և կատարում է տարածքների ամբողջականության իր առջև դրված խնդիրը։ Կոչ եմ անում բոլորին կանգնել բանակի կողքին, կոչ եմ անում մեր ամբողջ ժողովրդին՝ չնստե՛լ տներում, մարզերում, համայնքներում, այստեղ՝ Երևանում, լինել բանակի կողքին՝ բանակի թիկունքն ամուր պահելու համար…»։

Սեյրան Օհանյանը կոչով դիմեց նաև Ազգային անվտանգության աշխատակիցներին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին՝ կանգնել բանակի կողքին։

 

Տեսանյութեր

Լրահոս