Շուշիում իր 60 հոգանոց զորքին փրկել է, սակայն ինքը չի կարողացել փրկվել, շրջափակման մեջ է ընկել․ Զոհված սպայի կինը՝ ամուսնու մասին
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ, Արցախի մի շարք բնակավայրերի թվում, օկուպացվեց նաև Հադրութը։
Իր հարազատներին՝ եղբորը, ամուսնուն կորցրած Հադրութի բնակիչ Ռաթխա Ավագիմյանն այս պահին բնակվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում։ Ասում է՝ աշխատանքի բացակայության պայմաններում դժվարությամբ է կարողանում հոգալ հոգսերը, գումար հայթայթել տան վարձը վճարելու համար։
«Երեք երեխաներս անչափահաս են, մեկը ծառայում է բանակում։ 70․000 դրամ տան վարձ են ուզում, դժվարանում եմ ամեն հարցում։ Ոչ մի բան չենք հասցրել բերել, անգամ ամուսնուս ծննդյան վկայականը չեմ հասցրել վերցնել, որը հիմա անհրաժեշտ է։
Ամուսինս՝ Գալստյան Նվերը, 42 տարեկան էր, սպա, 20 տարի է՝ ծառայում էր Հադրութում։ Նոյեմբերի 7-ին Շուշիում իր 60 հոգանոց զորքին փրկել է, սակայն ինքը չի կարողացել փրկվել, շրջափակման մեջ է ընկել։ Զինվորները եկել, պատմում էին, թե ինչպես է իրենց հասցրել փրկել։ Այնքան նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար։ Մեր որդին բռնցքամարտով էր զբաղվում, ամուսինս մտածում էր՝ մի դահլիճ հետո որդու համար վարձել, օգնել, որ ոտքի կանգնի։ Ուզում էր բոլոր երեխաներին ուսման տալ, նպատակ էինք դրել ամռանը հողակտոր գնել․․․ Չէինք պատկերացնում, որ այսպիսի բան կլիներ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Ռաթխան։
Ընտանիքն օգտվել է կառավարության կողմից հատկացված սոցիալական աջակցության ծրագրից, կատարել համապատասխան վճարումներ, սնունդ գնել, սակայն այս պահին կրկին խնդրի առջև են կանգնել։ Օգնել հնարավոր է՝ նշված հաշվեհամարի միջոցով, որը Ռաթխա Ավագիմյանի անունով է․ Արդշինբանկ 9051155201057180։