«Ալիևին այդ պայմանագրի կնքումը հիմա ձեռնտու է՝ լավ հասկանալով, որ Փաշինյանը ցանկացած փաստաթուղթ կստորագրի». Ադրբեջանի հարցերով փորձագետ

Ադրբեջանի նախագահն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ Բաքուն պաշտոնական Երևանի հետ կնք  «խաղաղության» պայմանագիր։

Միաժամանակ նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանում ու անդունդ՝ հույս հայտնելով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն անդրադառնա եռակողմ համաձայնագրի կետերն իրականացնելու վրա։

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, Ալիևն ասել է, որ Ադրբեջանը Հաայստանին է հանձնել բոլոր հայ ռազմագերիներին։

168.am Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ Ալիևը կարծիքը փոխե՞լ է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, քանի որ նախկինում երբեք նման կարծիք չի հայտնել։ Նաև՝ ի՞նչն է Ադրբեջանին վստահություն ներշնչել, որ ստեղծված պայմաններում Երևանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր։

«Ալիևն էլ Նիկոլ Փաշինյանի նման մի երևույթ է, որ 15 րոպեում կարող է կտրուկ իրարամերժ հայտարարություններ անել, այսինքն՝ այս ամենը Ալիևի ոճի մեջ է։ Այլ հարց է, որ հայ հասարակությունը երբեք չի հետևել Ալիևի խոսքերին, դրա համար չգիտի։ Հիմա տեսնելով՝ ինչ է ներկայացնում Փաշինյանը, կարող է պատկերացնել նաև, թե ինչ էր ներկայացնում Ալիևը։ Տարբերությունն այն է, որ Ալիևը մի քիչ փորձառու է, քան Փաշինյանը։

Ալիևը կարծում է, թե ինքը լուրջ ազդեցություն ունի հայկական հասարակության ու Հայաստանում ընթացող ներքին խմորումների վրա։ Նա միաժամանակ փորձում է  ազդել և «հականիկոլական» ուժերի վրա՝ պաշտպանելով Նիկոլին, ընդդիմությանը ցույց տալով, թե՝ տեսեք, թուրքերը Նիկոլին պաշտպանում են։ Մյուս կողմից էլ՝ փորձում է  ազդել հակառակ կողմի վրա՝ քննադատելով Փաշինյանին»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։

Փորձագետի խոսքով՝ Ալիևի այս հայտարարությունները որևէ ազդեցություն չունեն հայ հասարակության վրա և որևէ լուրջ ուժ չունեն, քանի որ Ալիևի ու Փաշինյանի դեմ այնպիսի մարդիկ են աշխատում, որոնք կարող են ճիշտ օգտագործել Ալիևի կողմից հնչած ցանկացած հայտարարություն։ Այսինքն՝ այդ ամենը բոլորովին անիմաստ է։

Ինչ վերաբերում է Ալիևի նշած «խաղաղության» պայմանագրին, մեր զրուցակիցը նկատեց՝ Հայաստանն այսօր գտնվում է նվազագույն ու վատագույն կետում, այսինքն՝ ծնկած ու անիրավունք, հետևաբար՝ Ալիևին ձեռնտու է հենց հիմա նման պայմանագիր կնքել։

«Ալիևին այդ պայմանագրի կնքումը հիմա ձեռնտու է՝  լավ հասկանալով, որ Փաշինյանը ցանկացած փաստաթուղթ կստորագրի, որը կերաշխավորի նրա իշխանության  շարունակումը։ Այսինքն՝ նա կմնա երկրի վարչապետ և հետագայում կդառնա ցմահ վարչապետ։ Տեսեք Թուրքիայի նախագահին, որը 1992 թվականից քաղաքականության մեջ է և շատ հանգիստ իշխում է Թուրքիայում։  Հիմա նա այդ խաղաղ պայմանագրի մեջ կարող է մտցնել ցանկացած կետ, որը Փաշինյանը կստորագրի, այդ թվում՝ նաև, որ Հայաստանը բանակ չունենա։ Ալիևը շատ հստակ հնչեցրել է, որ բանակը Հայաստանին պետք չէ, քանի որ պատերազմն արդեն ավարտվել է։ Նա համարում է, որ այս վիճակում Հայաստանին բացարձակապես բանակ պետք չէ, որովհետև ռուսական կողմը սահմաններն է պահում, ադրբեջանական կողմն էլ իշխում է  Արցախում, որտեղ առհասարակ բանակ չպետք է լինի։ Ալիևը սարսափելի վախենում է, որ հանկարծ կարող է գալ ինչ-որ մեկը, որը կարող է կոնսոլիդացնել հասարակությանը, ոտքի կանգնեցնել բանակը, որի արդյունքում՝ տարածաշրջանային կոնֆիգուրացիան կստանա այլ պատկեր։ Այդ պատճառով Ալիևը շտապում է, նրան պետք է այդ պայմանագիրը, որը կերաշխավորի ռևանշիստական նկրտումների չեզոքացումը»,- հավելեց Արմինե Ադիբեկյանը։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կստորագրի ամեն ինչ, ինչ նրան Ալիևն առաջարկի, ավելին՝ նա նույնիսկ ստորակետը չի ստուգի, առանց նայելու կստորագրի։ Մինչև այսօր նա ստորագրել է այն ամենը, ինչ նրան առաջարկել են։

«Չեմ կարծում, որ իրավիճակ կփոխվի, և նա կնայի, թե ինչ է ստորագրում, կամ ռիսկ կանի՞ այդ թուղթը դեմ տվողին ասի՝ ոչ»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս