Մինչ ԱՄՆ դեսպանատունը ՀՀ իշխանություններին հորդորում է հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը, Հակոբ Ճաղարյանը պնդում է՝ այն Թեհրանում է

Օրեր շարունակ հայկական մեդիա և մասնագիտական տիրույթում շարունակում է շրջանառության մեջ գտնվել «Fly Armenia» ավիաընկերության անհետացած ինքնաթիռի հարցը:

168.amը մի քանի հրապարակմամբ անդրադարձել է թեմային, լսել մասնագետների կարծիքը նաև, ովքեր իրականում պատկերացնում են՝ ինչ է տեղի ունեցել:

Եվ որքան էլ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն ու հիշյալ ավիաընկերությունը, որը, ըստ ոլորտի քաջատեղյակների, հայկական ավիաշուկա ի սկզբանե մտել է հենց Իրան ինքնաթիռներ փոխադրելու համար, հայտարարություններ տարածեն ու փորձեն խնդիրը հարթել, այն կարծես թե սպառնում է վերածվել միջպետական սկանդալի:

Եվս մեկ անգամ փաստենք, որ ամերիկյան «Բոինգն» այս պահին Իրանում է, իսկ ապրիորի ամերիկյան ինքնաթիռն Իրանում՝ արդեն նոնսենս է:

Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ պարզաբանում խնդրելով մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:

«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ, այլ կերպ, դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»,- մանսավորապես պատասխանել էին ԱՄՆ դեսպանատնից մեր գործընկերներին:

Նկատենք, որ ԱՄՆ դեսպանատնից թափանցիկ ակնարկում են, փաստորեն, որ իրենք գիտեն՝ ինչպես է տեղի ունեցել ամերիկյան ինքնաթիռի՝ Իրան հասնելը և, ուշադիր, հայկական կողմին հորդորում է հստակեցնել ինքնաթիռի կարգավիճակը ու համենայնդեպս նշում, որ տեղեկացված են՝ ամերիկյան ինքնաթիռը փոխանցվել է իրանական կողմին:

Թեմայի վերջին զարգացումներին այսօր կրկին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Հասկանում եմ, որ ԳՇ հայտարարությունն ու հանրապետությունում դրանից հետո սրված քաղաքական ճգնաժամը երկրորդ պլան են մղել առևանգված հայկական օդանավի հարցը:

Բայց վստահ եմ, որ ինչ ճակատագիր էլ ունենա հանգուցալուծումը, միևնույն է, ԱՄՆ պատժամիջոցների թիրախ դառնալը տխմարագույն որոշում կլինի ՀՀ ցանկացած կառավարության կողմից:

5 օր է, ինձ հասանելի բոլոր միջոցներով ՃՉՈւՄ ԵՄ՝ ՄԻ ԲԱՆ ԱՍԵՔ, խուսափեք պատժամիջոցներից:

Ավիաընկերությունը կամ նրա սեփականատերերը հայկական գրանցմամբ օդանավ են ԱՌԵՎԱՆԳԵԼ:

Ես էլ զսպվածության կարիք չունեմ:

Այո, օդանավն ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է:

Ու ՀՀ կառավարությունն իր պատասխանատու պետական մարմնի` ՔԱԿ-ի հետ համատեղ, բերանները ջուր են առել ու ոչ մի արդարացնող միջոցառում չեն ձեռնարկում, ինչի հետևանքով մեր երկրի հանդեպ տասնամյակներով լոյալություն ցուցաբերած ԱՄՆ-ը արդեն իր դեսպանի բերանով հայտարարում է`

ԱՐԴԱՐԱՑԵՔ, Ա՜Յ ԱՊԻԿԱՐՆԵՐ:

Կրկնում եմ` ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն անպիտան մարմին է, որն իր անպիտանությունն ու ապիկարությունն ապացուցել է ԵՄ «սև ցուցակի» ամենակարկառուն ներկայացուցիչը դառնալով:

Ոչ մի պետության դեռ չէր հաջողվել 2 տարում ոլորտն այս աստիճան քարուքանդ անել (նախորդ աուդիտի բարձր արդյունքներն ու հետագա 2 տարվա որակական աճի փաստերը վկա):

Հիմա էս խայտառակությունն իսկապես ՔԱԿ-ի վերահսկողության բացակայության պայմաններում, շահագործող ավիաընկերության սեփականատերերի խարդախության հետևանքն է:

Ի՞նչն եք թաքցնում: Ինչո՞ւ եք թաքցնում:

Նույնիսկ, եթե կառավարությունից ինչ-որ մեկը (կասկածներ ունեմ մի բարձրաստիճան թրաշավորի վրա) խառն է էս խարդախությանը, նրան էլ ՔԱԿ ղեկավարության ու «Fly Armenia»-ի մենեջմենթի հետ տեղավորեք նույն խցում:

Ամբողջ երկիրն ու բնակչությունն ինչո՞ւ պիտի կրեն մի քանի հոգու խարդախության ու ևս մի քանի այլոց անուղեղության պատասխանատվությունը:

Իսկ օդանավը գտնվում է Թեհրանում: Եվ այնտեղ է հասել հայկական ավիաընկերության շահագործողի վկայականի տակ»,- գրել է ավիացիոն մասնագետը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս