Առևանգե՞լ են, թե՞….

Երրորդ օրն է, հայ հասարակությունը չի կարողանում հասկանալ՝ ի վերջո, ինչպե՞ս կարող էր անհետանալ հայկական ավիաընկերությանը պատկանող հսկայական ինքնաթիռը, սակայն մասնագիտական շրջանակները, թերևս, պատկերացնում են՝ ինչ է տեղի ունեցել, ինչպես և ինչու:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը տեղեկացրել էր, որ հայկական օդանավի առևանգում է տեղի ունեցել:

«Փետրվարի 21-ին ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից՝ հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալինից, և, ըստ պլանի՝ պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն, օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում:

Հակոբ Ճաղարյանի հայտարարությանը հաջորդեց ՔԱԿ-ի հերքող և միևնույն ժամանակ՝ հաստատող հայտարարությունը. «Առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:

Երեկ 168.amանդրադարձել էր  թեմային, նշել, որ առևանգված օդանավը պատկանում է հայկական նորաստեղծ «Fly Armenia Airways»-ին, որի արտասահմանցի ներդրողը հայտնի է սկանդալներով՝ փողերի լվացում, պարտքերի կուտակում, զենքերի տեղափոխում, հետախուզում և այլն:

Այսօր փորձեցինք Քաղավիացիայի կոմիտեին մոտ կանգնած ոլորտից քաջատեղյակ մարդկանցից ճշտել՝ ի վերջո, ինչպե՞ս կարող էր առևանգվել ինքնաթիռը 21-րդ դարում:

Մեզ ասացին, որ տեղի ունեցածը դժվար է առևանգում անվանել, հատկապես, որ կա ինֆորմացիա, որ ինքնաթիռը պետք է մեզ մոտ վայրէջք կատարեր, բայց իջել է Իրանում:

«Ամեն դեպքում պատահական նման բաներ չեն լինում։ Ըստ երևույթին հենց դրա համար էլ բացել էին այդ ավիաընկերությունը («Fly Armenia Airways».- Գ.Ս.), որ Իրան օդանավ տանեն։ Այդ ավիաընկերությունն արդեն 2 տարի՝ անիմաստ գովազդ է անում, փողեր ծախսում, բայց Քաղավիացիայի կոմիտեին զգուշացվել է, որ այս ամենից լավ հոտ չի գալիս»,- ասացին մեր աղբյուրները:

168.am-ին նաև տեղեկացրեցին, որ հավանաբար ՔԱԿ-ում, մասնավորապես՝ Տաթևիկ Ռևազյանը, ցանկացել են ցուցանիշ ցույց տալ, թե իբր, տեսեք՝ ավիաընկերություն բացեցինք, չնայած «սև ցուցակում» հայտնվելու պարագայում ընդհանրապես պետք է զերծ մնային, մինչև ամեն բան շտկվեր։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի  հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) անգործության հետևանքով հայկական ավիաընկերություններն ընդգրկվել են ԵՄ-ի «սև ցուցակում», որի պատճառով հայկական ավիաընկերությունները զրկվեցին դեպի Եվրոպա կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու իրավունքից:

«Հստակ ինֆորմացիա կա, որ հենց սկզբից իրանցիների գումարներն են եղել ներդրած այդ ավիաընկերության մեջ, ուղղակի քողարկել էին եվրոպական ներդրողներով»,- ասացին մեզ հայկական ավիացիային քաջատեղյակ անձինք:

Մեր հարցին՝ ո՞րն էր այդ դեպքում իրանցիների շահն այստեղ, պատասխանեցին.

«Թեկուզև թող մի 500 հազար դոլար ծախսած լինեն էս երկու տարում՝ գրասենյակ, աշխատավարձ, 2 «TOYOTA CAMRY» մեքենաներ, անձնակազմ, բայց այսպես, նրանք մի գործարքով մի 6-7 միլիոն տարան միանգամից»,- նշեցին մեր աղբյուրները՝ հավելելով, որ ըստ էության սխեմա է աշխատում, ՔԱԿ կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը տեղյակ չէ ոլորտից, իսկ կողքին էլ չկա մեկը, ով կարող է ճիշտ խորհուրդներ տալ նրան:

«Իրանցիները ամեն ինչի պատրաստ են, որ տանեն նման օդանավեր։ Պատկերացրեք, օդանավը եկել է, հասել է համարյա Հայաստանի օդային տարածք ու փոխել է կուրսը, մեկը չկա՞ր՝ ասեր՝ իջեք Երևան, մինչև Դուբայ 3 ժամվա թռիչք է, եթե խնդիր կա, իջեք, միանգամից Դուբայ մեկնելու թույլտվություն են տվել: Տարօրինակ է նաև, որ հայկական օդանավի անձնակազմում, չգիտես ինչու, արտասահմանցիներ են եղել: Ընդ որում, իրենք ունեին հայ օդաչուներ, բայց անհայտ պատճառներով արտասահմանցիներ են եղել անձնակազմում, որոնց վկայականները ՔԱԿ-ը ճանաչել է։ Մի խոսքով, կատարյալ «բարդակ» է»,- եզրափակեցին մեր զրուցակիցները:

Փոքր-ինչ դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հովանավորյալ՝ ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը կարող էր տեղյակ չլինել, որ նշյալ ավիաընկերությունը բացվում է որոշակի նպատակով, և եթե միգուցե ամենասկզբում տեղյակ չի եղել, արդյո՞ք նրան չի անհանգստացրել այն հանգամանքը, որ «Fly Armeina»-ն թռիչքներ չի իրագործում: Կարող են, իհարկե, որպես պատճառ՝ նշել Քովիդ-19-ով պայմանավորված իրավիճակը, բայց այս պարագայում դա շատ թույլ արգումենտ է, որովհետև այնպես չէ, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խոչընդոտները հիմա վերացել են:

Չենք ուզում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց եթե իրականում մի օր օբյեկտիվ քննության արդյունքում պարզվի, որ այս ավիաընկերության՝ հայկական շուկա մտնելն այլ հեռահար նպատակներ է ունեցել, պատասխաններ պետք է հնչեն Տաթևիկ Ռևազյանի առնվազն լուռ համաձայնության մասով, թեպետ մեկ այլ աղետ է, եթե իսկապես չի իմացել: Այ այսպիսի ոչ կոմպետենտ ղեկավարության արդյունքում էլ կամա թե ակամա քանդվեց քաղաքացիական ավիացիա կոչված ռազմավարական ոլորտը:

Այս տարիների ընթացքում գործող իշխանությունների հովանու ներքո Տաթևիկ Ռևազյանը հետևողականորեն Քաղավիացիայից հեռացրեց բոլոր բանիմաց, պրոֆեսիոնալ մասնագետներին՝ ավերակների վերածելով Հայաստանի քաղավիացիան առհասարակ՝ վտանգելով ռազմավարական և անվտանգային նշանակության այդ կարևորագույն ոլորտը:

 

Տեսանյութեր

Լրահոս