Ճիշտն ասած չեմ տեսել, որ Արայիկ Հարությունյանի խոսնակը հաստատել է, որ վարչապետի հետ հանդիպում է եղել. Մանե Գևորգյան. «Փաստինֆո»
Չնայած ԱՀ նախագահի խոսնակը հայտնում է, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին՝ խոսնակը նշում է, որ այդ մասին ինքը տեղեկություն չունի։
«Ճիշտն ասած չեմ տեսել, որ Արայիկ Հարությունյանի խոսնակը հաստատել է, որ վարչապետի հետ հանդիպում է եղել»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Արմենպրես-ը հրապարակել էր Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի մեկնաբանությունը, առ այն, որ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր։ «Ես տեսել եմ, որ խոսնակը հաստատել է, որ հանդիպում է եղել Արայիկ Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի և կարծեմ Վիտալի Բալասանյանն էլ է այդ հանդիպմանը ներկա եղել և Պարոն Աբազյանը։ Այլ բան չեմ տեսել, որ հաստատվել է»։
Հարցին՝ Արայիկ Հարությունյանի և վարչապետի հանդիպում նախատեսված է՝ Գևորգյանը նշեց, որ պաշտոնական կտեղեկացնեն։
«Եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա հանդիպումից հետո ինչպես հարկն է, մենք տեղեկատվություն ենք տարածում»։ Ստացվում է, որ առնվազն մի դեպքում, ինչպես հարկն է , տեղեկատվություն չի տարածվել, եթե բացառենք, որ Արայիկ Հարությունյանը ստել է։
Փաստացի՝ երկու խոսնակները հակասում են միմյանց և ըստ որի՝ կամ ԱՀ նախագահն է միջնորդի դեր ստանձնել, առանց լիազորությունների,կամ Հարությունյանը Փաշինյանի հետ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել։
Վարչապետի խոսնակը նաև անդրադարձավ տեղեկությանը, թե Oնիկ Գասպարյանը ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է հրավիրվել, Գևորգյանն ասաց. «Նման հարցերի դեպքում զանգեք ԳՇ»։
Տեղեկացնենք, որ ըստ տելեգրամյան ալիքների՝ կառավարությունից կապ են հաստատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ հայտնելով, որ Փաշինյանը խնդրում է, որպեսզի նա առավոտյան ժամը 9-ին ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման, իսկ Oնիկ Գասպարյանը հրաժարվել է գնալ կառավարություն։