«Եթե լիներ ռազմական հեղաշրջման փորձ, ապա Փաշինյան Նիկոլը Կառավարության իր կաբինետում չէր լինի». Արփինե Հովհաննիսյան
«Այստեղ որևէ զինված, համազգեստով, զինված ուժերի աշխատակազմից մարդ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, ոչ». այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողի հարցին, թե արդյոք ԶՈւ ԳՇ հայտարարությունը, դրանից հետո երկրում կատարվող իրադարձությունները կարելի՞ է համարել ռազմական հեղաշրջման փորձ, և արդյոք Բաղրամյանում հավաքված մարդիկ պատրաստվո՞ւմ են ռազմական հեղաշրջում անել, պատասխանեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Անդրադառնալով հարցի իրավական կողմին՝ Հովհաննիսյանը նշեց.
«Սահմանադրության 14-րդ հոդվածի առաջին մասն ասում է, որ ՀՀ Զինված ուժերը պետք է ապահովեն Հայաստանի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, երկրորդ մասն ասում է, որ Զինված ուժերը պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Երկրորդ մասից սկսեմ. Զինված ուժերի հայտարարության մեջ չկա որևէ հայտարարություն, թե ո՞ր քաղաքական ուժին են սատարում, չկա հայտարարություն այն մասին, որ իրենք վերցնում են իշխանությունը, չկա այն մասին, որ Գասպարյան Օնիկը, Գլխավոր շտաբը, կորպուսի հրամանատարները ստեղծել են որևէ կառույց, խորհուրդ, և այդ խորհուրդը երկրում իրականացնում է, օրինակ՝ օրենսդիր կամ գործադիր ֆունկցիաները, և ընդհանրապես չկա ռազմական հեղաշրջմանը բնորոշ որևէ դրսևորում: Իրականում տեղի է ունեցել այն, որ ԶՈւ ԳՇ-ն և հրամանատարական կազմն իր սահմանադրական առաքելությանը համապատասխան՝ արտահայտել է իր մտահոգությունն այն հարցի կապակցությամբ, որ կա անձ այս երկրում, որն իր գործողություններով, անպատասխանատվությամբ, դիվանագիտական ձախողումներով և անհասկանալի գործողություններով կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը: Այլ կերպ ասած՝ ԶՈւ ԳՇ պետի և հրամկազմի հայտարարությունը գնահատում եմ՝ որպես իրենց առաքելությունից բխող գործողություն, իրենց առաքելությամբ պայմանավորված մտահոգություն, ահազանգ, որ մենք գտնվում ենք կործանման եզրին: Մենք այս փուլին չէինք հասնի, եթե իրավապահ մարմինները , մասնավորապես՝ Գլխավոր դատախազությունը, ավելի կառուցողական, ադեկվատ, իրավական, պատշաճ ձևով կատարեին իրենց պարտականությունները, իսկ դա նշանակում է՝ հարուցեին քրեական գործեր, պարզեին պետական դավաճանության, զինվորներին երաշխավորված մահվան ուղարկելու դեպքերը»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գործող իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, պատերազմի պարտության պատասխանատվությունն ամեն կերպ գցում է իր վրայից՝ մեղադրելով զինվորներին, բանակի հրամկազմին:
«Նա որևէ կերպ չասաց, որ ինքն ուղղակի խայտառակ, ապիկար, ձախողված, ինչո՞ւ ոչ, դավաճանական գործողությունների պատճառով, մեզ տարել է գիտակցված պարտության: Ես պնդում եմ, որ մենք չունենք ռազմական հեղաշրջման փորձ, որովհետև եթե լիներ դասական իմաստով, պատմության իմաստով, իսկ նա պատմություն չիմացող մարդ է, նույնիսկ նորագույն պատմություն, եթե լիներ դասական ռազմական հեղաշրջման փորձ, ապա Փաշինյան Նիկոլն ակնհայտորեն Կառավարության իր կաբինետում չէր լինի, վատ վայրերում կլիներ, բայց ոչ՝ Կառավարության կաբինետում»,- ասաց Հովհաննիսյանը:
Արդարադատության նախկին նախարարը պնդեց, որ ընդդիմությունն ամեն կերպ խուսափում է սադրանքներից և ապօրինություններից, փոխարենը՝ իշխանությունը հավատարիմ չի մնում Սահմանադրությանը: 168.am-ի լրագրողի հարցին, թե ի՞նչ էր նշանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իրենց մոտ այլևս հայ ռազմագերիներ, գերիներ չկան, իսկ այնտեղ գտնվող հայ զինվորականները «դիվերսանտներ են և ահաբեկիչներ», Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.
«Պարզ է, որ այդպես պետք է մեկնաբանեին: Եկեք հերթով. ի՞նչ եղավ պատերազմից հետո, մենք հայտնվեցինք անտերության մեջ և տվեցինք էլի ռազմագերիներ, հիշում եք 62 ռազմագերիներին: Դրանից առաջ միայն ես ինձ մոտ եղած ցուցակով 150-ը գերազանցող անուններ ունեմ, ապացույցներով հաստատված, որ այդ մարդիկ գերի են, չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր անուղղակի ապացույցներով են գերի: Նիկոլ Փաշինյանը, անտերության մատնելով պետությունը, փաստորեն, Ադրբեջանին նվիրեց այդ գերիներին, բնական է, որ Ալիևը՝ տեսնելով, որ մենք չունենք պետություն, չունենք ղեկավար, լկտիացավ, չվերադարձրեց և հիմա նրանց հայտարարել է ռազմական հանցագործներ: Մենք զգուշացնում էինք, իսկ իշխանությունն ասում էր, որ ընդդիմությունը հանրահավաք է անում, դրա համար չեն կարողանում բերել գերիներին: Երկու ամիս ընդդիմությունը հանրահավաք չէր անում, գերիները շարունակում են լինել այնտեղ, ավելին, Ալիևի բառապաշարն ավելի լկտի ու կոշտ է դարձել, և նա ասում է, որ՝ կներեք, բայց ես գերի չունեմ: Երբ որ ես անձամբ և ընդդիմության շատ ներկայացուցիչներ քննադատում էին Ադրբեջանի երկու դիվերսանտներին անմիջապես, առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնելու հարցը, մեզ անարգանքի սյունին էին գամում իշխանական ողջ քարոզչամեքենայով, ֆեյքերով, լկտի ձևով վիրավորում էին, ասում էին՝ բա մեր տղաներին դուք ափսոսո՞ւմ եք, չէինք ափսոսում, չէինք ափսոսում նրանց, ովքեր եկան, բայց ափսոսում էինք նրանց, ովքեր մնացին այնտեղ, որովհետև այս երկուսը երաշխիք էին, որ Ալիևը չի լկտիանա և բոլորին կվերադարձնի: Հիմա տեսա՞ք՝ ի՞նչ եղավ»: