Ինչո՞ւ չեն թռչել հայկական «Իսկանդեր»-ները. եթե Հայաստանը «Իսկանդեր» օգտագործեր, Արևմուտքը կբարկանար. Независимая Газета-ն` Փաշինյանի հայտարարության մասին

Ռուսական Независимая Газета պարբերականը անդրադարձել է «Իսկանդեր» համալիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե, իբր, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են 10%-ով»:

«Նիկոլ Վովաևիչը բազմավեկտոր քաղաքական գործիչ է: Նա բարեկամություն է անում Արևմուտքի հետ, բայց ընդունում է ռազմական օգնությունը Արևելքից: Առաջին հերթին դա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան է, ինչպես նաև Էրեբունի օդանավակայանը, որտեղ տեղակայված են ռուսական մարտական ինքնաթիռները: Այդ ինքնաթիռները զենքեր են, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Երևանը կարող է ձեռք բերել ռուսական շուկայի ներքին գներով: Իսկ պետության կայացման որոշակի ժամանակահատվածում նա այն ստացել է անվճար: Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներից առաջինն է, որը ստացել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրները: Նույնիսկ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ դրանք չունի, չնայած շատ էր ցանկանում:

«Իսկանդեր»-ը շարժական համալիր է՝ 2 բալիստիկ հրթիռներով: Դրա տեղակայումը մի քանի րոպե է տևում: Կրակում է մինչև 500 կմ: Տարբերակներից մեկում համալիրը հագեցած է երկու հեռահար թևավոր հրթիռներով: Վերջիններս հնարավորություն են տալիս խոցել ոչ միայն ցամաքային թիրախները, այլ նաև հանդես գալ որպես հականավային զենք: Դաշտում համալիրն անկախ է հետախուզական արբանյակների կամ ինքնաթիռների առկայությունից: Թիրախի նշանակումը համալիրի համար կարելի է անել նաև զենքի հատուկ հետախուզական մեքենայից, հրետանային կրակահավաք զինծառայողի միջոցով կամ գետնի վրա թիրախի գտնվելու վայրի լուսանկարից, որը սկաների միջոցով կտեղադրվի համալիրի համակարգչի մեջ: Դրանից հետո համալիրը պատրաստ է մարտի. թափքի դռները կբացվեն, մեկնարկային ուղեցույցը կբարձրանա, առաջին հրթիռը կգործարկվի, մեկ րոպեից էլ պակաս ժամանակում կարձակվի երկրորդը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ «Իսկանդեր» համալիրները չեն օգտագործվել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում:

Այնուամենայնիվ, հարցն այլ է: «Սուպերզենք» ունենալով՝ Երևանը չի համարձակվել այն օգտագործել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում: Հակառակ դեպքում, ադրբեջանական զինուժը սիրով ցույց կտար ռուսական հրթիռները, որոնք չեն պայթել կամ չեն հասել իրենց նպատակին: Համացանցում նման կադրեր չկան:

Քննադատելով ռուսական զենքը՝ Փաշինյանն արդարացնում է իր իսկ սխալները՝ ագրեսիան հետ մղելու բանակի անպատրաստությունը, զինված համակարգերի օգտագործման անվճռականությունը, որոնք կարող էին արմատապես փոխել ռազմական հակամարտության ընթացքը: Պատճառը պարզ է՝ երկու աթոռի վրա նստելու փորձ: Եթե Հայաստանը «Իսկանդեր» օգտագործեր, Արևմուտքը կբարկանար, իսկ Ռուսաստանը կդիմանար ամեն ինչի: Բայց վերջինիս ռազմական օգնության անպիտանության հայտարարելու պահը անհաջող է ընտրվել:

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) այդ պահին անցկացվում էր ցամաքային զենքի IDEX 2021 ցուցահանդեսը`ռուսաստանցի զինագործների հիմնական արտաքին ֆորումը: Դրանում ներկայացված էին ռուսական նորագույն զենքերը, օրինակ ՝ Տ-14 «Արմատա» տանկը: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի թե՛ բարեկամությունը Մոսկվայի հետ, որը փաստորեն փրկել է Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական ամբողջական գրավումից, թե՛ խոստումնալից ռուսական տանկի ներկայացումը ձախողվեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս