Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի առաջարկության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»:
Սահմանադրության այս դրույթը պահանջում է, որպեսզի գլխավոր շտաբի պետի համար օրենքը նախատեսի հստակորեն սահմանված ժամկետ: Սահմանադրության այդ պահանջի նպատակն այն է, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը իր լիազորություններն իրականացնի առանց քաղաքական որևէ կաշկանդվածության և որևէ կերպ նրա պաշտոնավարումը կախված չլինի քաղաքական ուժերի հարաբերակցությունից և դրանց հնարավոր վերադասավորումներից: Սահմանադրության այդ պահանջն իրականացված է «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում, ըստ որի՝ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով»:
Ոչ «Պաշտպանության մասին» օրենքը, և ոչ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չեն պարունակում որևէ դրույթ գլխավոր շտաբի պետի՝ սահմանված ժամկետից շուտ քաղաքական պատճառներով պաշտոնանկության վերաբերյալ: Նման հիմք չի տալիս նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»:
Այս դրույթը քաղաքական հայեցողություն է տալիս բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատման համար, սակայն որևէ պարագայում այն չի կարող տարածվել Գլխավոր շտաբի պետի վրա, քանի որ այդ պարագայում կխախտվի Սահմանադրությամբ սահմանված՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման ֆիքսված ժամկետը:
Քանի որ Սահմանադրությունը, բացառությամբ Գլխավոր շտաբի պետի, բարձրագույն հրամանատարական կազմի մնացած պաշտոնների զբաղեցման համար չի պարտադրում որևէ ֆիքսված ժամկետ, ուստի օրենսդիրը իրավասու էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով այդ պաշտոնները զբաղեցնող սպաների պաշտոնանկության համար նախատեսել քաղաքական հայեցողություն:
Ելնելով վերոշարադրյալից, Հանրապետության նախագահը պետք է Սահմանադրության 138-րդ հոդվածին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1.-րդ հոդվածին համապատասխան Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը մերժի և եռօրյա ժամկետում այն իր առարկություններով վերադարձնի վարչապետին:
Ըստ նույն օրենքի 35.1.-րդ հոդվածի 3-րդ մասի, եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, պետք է դիմի Սահմանադրական դատարան:
Վարդան Պողոսյան