Բաժիններ՝

Արքայադուստր Լաթիֆան Մեծ Բրիտանիային խնդրել է կրկին բացել քրոջ առևանգման գործը

Դուբայի արքայադուստր Լաթիֆան դիմել է բրիտանական ոստիկանությանը՝ խնդրելով կրկին հետաքննել ավելի քան 20 տարի առաջ Քեմբրիջում իր ավագ քրոջ առեւանգումը: Այդ մասին հաղորդվում է BBC News-ի կայքում: Նամակում Լաթիֆան խնդրել է Քեմբրիջի ոստիկանությանը՝ վերսկսել հետաքննությունը եւ օգնել ազատ արձակելու արքայադուստր Շամսային, որին բռնել էին իրենց հոր հրամանով: Արքայադստեր ձեռագիր նամակը, որը նրա ընկերները փետրվարի 24-ին հանձնել են Քեմբրիջի ոստիկանությանը, Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել եւ պաշտպանել իր քրոջը:

Այն գրվել է 2019 թվականին, երբ նրան փակի տակ էին պահում առանձնատանը: 2019 թվականին Անգլիայի եւ Ուելսի Գերագույն դատարանը գտնում էր, որ Դուբայի ամիրայության կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումն առեւանգել է իր երկու դուստրերին եւ նրանց փակի տակ էր պահում կամքին հակառակ: Ավելի վաղ անցած շաբաթ BBC-ն հրապարակել է Լաթիֆայի տեսաուղերձը, որում նա հայտնում է, որ իրեն իր կամքին հակառակ առանձնատանն են պահում 2018 թվականին երկրից փախչելու անհաջող փորձից հետո: Այդ ժամանակվանից ՄԱԿ-ը հարցում է արել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ ապացուցելու, որ Լաթիֆան ողջ է: 2000 թվականի օգոստոսին, Սուրեյի կոմսությունում գտնվող Լոնգքրոսի հայրական կալվածից փախչելուց մոտավորապես երկու ամիս անց, Լաթիֆայի ավագ քրոջը բռնությամբ դուրս են բերել Քեմբրիջից, ուղղաթիռով տեղափոխել Ֆրանսիա, իսկ հետո մասնավոր ինքնաթիռով տարել են Դուբայ: Շամսային առեւանգել են, երբ նա 18 տարեկան էր եւ այդ ժամանակվանից նրան ոչ մի տեղ չեն տեսել: Ներկայում կինը պետք է39 տարեկան լինի:

Դուբայի կառավարությունը ոչ մի ձեւով չի պատասխանել մեկնաբանություններ տալու վերաբերյալ BBC News-ի հարցմանը: Արքայադուստր Լաթիֆա բին Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումը Դուբայի կառավարիչ, ԱՄԷ-ի վարչապետ շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումի եւ Ալժիրից Հուրիա Ահմեդ Ալ Մաաշի դուստրն է: 2018 թվականի փետրվարի վերջին նա փորձել է փախչել Արաբական Էմիրություններից: Հնդկաստանի ափերի մերձակայքի միջազգային ջրերում այս երկրի եւ ԱՄԷ-ի համատեղ գործողությունների արդյունքում 2018 թվականի մարտի 4-ին նրան բռնությամբ ետ են տարել: Արքայադուստր Լաթիֆայի հայրը համարվում է աշխարհի ամենահարուստ կառավարիչներից մեկը, նա Դուբայի ամիրայության կառավարիչն է եւ ԱՄԷ-ի փոխնախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս