Նյու Յորքում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել
Նյու Յորքում տարածվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը, որի մուտացիան, հնարավոր է, կարող է նվազեցնել պատվաստանյութերի արդյունավետությունը: Այդ մասին գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Կոլումբիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները: Բժիշկները նոր տարբերակին տվել են B.1.526 անվանումը:
Առաջին անգամ այն հայտնաբերել են դեռ նոյեմբերին, իսկ փետրվարի կեսերին այն արդեն բավականին լայն տարածում է ստացել: «Մենք դիտարկում ենք Ուեսթչեսթերում, Բրոնքսում, Կուինսում եւ Մանհեթենի ստորին հատվածում, ինչպես նաեւ Բրուքլինում արձանագրված դեպքերը: Ուստի պարզվում է, որ այն լայնորեն տարածված է: Դա եզակի բռնկում չէ»,-ասել է Կոլումբիայի համալսարանի Aaron Diamond AIDS հետազոտական կենտրոնի տնօրեն Դեւիդ Հոն: Գիտնականներն այն կարծիքին են, որ կորոնավիրուսի տարբերակի՝ Նյու Յորքում հայտնաբերված մուտացիաները նման են ավելի վաղ ուրիշ երկրներում, այդ թվում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հայտնաբերվածներին: Աշխարհում արդեն հայտնաբերել են SARS-CoV-2-ի բազմաթիվ հիմնամանրԷներ, որոնցից մի քանիսը՝ բրիտանականը, հարավաֆրիկյանը եւ բրազիլականը, հատուկ վտանգ են ներկայացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: