Ի՞նչ է ֆիքսել 168.am-ի տեսախցիկը. Փաշինյանի գլխավորած հավաքը, աներձագ պատգամավորի ռոմանտիկ երթը, հեղափոխության պահապանները․․․

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր առավոտյան հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա:

Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

Կարդացեք նաև

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- նշված էր հայտարարության մեջ:

Այս հայտարարությունից րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ, ապա իր բոլոր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

Փաշինյանի հրավիրած հավաքին ներկա էին ՝

Առողջապահության նախկին նախարար, ներկայումս՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը (դիջեյ Էդոն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատգամավոր Հայկ Սարգսյանը, ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայումս՝ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, իշխանական թևի այլ պատգամավորներ։
Փաշինյանին ամբողջ ընթացքում հարյուրավոր ոստիկաններ և ԱԱծ աշխատակիցներ էին ուղեկցում՝ և ոստիկանական, և քաղաքացիական համազգեստներով:

Հարյուրավոր ոստիկաններ՝ ձեռք-ձեռքի տված նրան ուղեկցում էին: Ծիծաղաշարժ այդ տեսարանը ֆիքսել էին նաև քաղաքացիները՝ պատշգամբներից:

Հավաքի ողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա դիպուկահարներ էին հսկում:

Նշենք նաև, որ քայլերթի ժամանակ Փաշինյանին սկզբում ուղեկցում էր նրա որդին՝ Աշոտը, իսկ ավելի ուշ նրանց էին միացել կինը՝ Աննա Հակոբյանը, և ավագ դուստրը՝ Մարիամիկը։ Ողջ երթի ընթացքում բոլորը նկատել էին Աննա Հակոբյանի և առհասարակ Փաշինյանների ընտանիքի հրճվանքով դեմքերը:

Քայլերթին նույն շարքում, կողք կողքի քայլում էին տարբեր դրվագներով հայտնի դարձած իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը և «Հեղափոխության պահապան» Հայկ Ստեփանյանը։

Քայլերթին մասնակցում էր նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Իսկ ահա Փաշինյանի աներորդին՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ավելի ռոմանտիկ կերպով էր միացել քայլերթին՝ քայլում էր՝ ամուր բռնելով մի կնոջ ձեռքից։

Նշենք, որ մայրաքաղաքի բնակիչների մի մասը երթի մասնակիցներին ողջունում էին պատշգամբներից, մի մասն էլ հայհոյում էին և բղավում՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, մարդասպան»։

Ի դեպ, 168․am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես Տիգրան Մեծի պողոտայում, Փաշինյանի աջակիցներից մեկը, որը նաև կարգադրություններ էր անում երթի մասնակիցներին, «ղեկավարում» երթի ընթացքը, մոտենում է «Նիկոլ, մարդասպան» վանկարկող կնոջը և փորձում փակել նրա բերանը։

Երթի ընթացքում քաղաքացիներից մեկն էլ դիմելով Փաշինյանին՝ վանկարկել էր՝ «Արի ստեղ հլը, արա»։ Երթի մասնակիցները սկսել էին պատասխանել քաղաքացուն, իսկ Փաշինյանն անմիջապես հանդարտության և զսպվածության կոչ էր արել, իսկ հետո շատ ցածրաձայն ասել՝ «Քո հետևից կգան»։

Հ․Գ․ Ուշագրավ է, որ ոչ Հանրապետության հրապարակում, և ոչ էլ երթին չէին մասնակցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Տեսանյութեր

Լրահոս