«Թուրքիան անհանգստանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կորստով». Թուրքագետը՝ Չավուշօղլուի հայտարարության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է:

«Աշխարհի որ հատվածում էլ լինի հեղաշրջում, մենք դատապարտում ենք: Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ փորձը (Հայաստանում): Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է: Ոչ միայն բանակի օգնությամբ կառավարության տապալումը, այլև նույնիսկ դրա կոչն անընդունելի է»,ասել է Չավուշօղլուն:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը՝ նկատեց.

«Թուրքիայի հապճեպ ու անհանգիստ արձագանքը խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անհանգստացնում են Թուրքիայի ներկայիս իշխանություններին։ Իսկ այն, ինչն անհանգստացնում է Թուրքիային, տրամաբանորեն չի կարող լինել հայանպաստ, կարող է լինել միայն հակահայկական»։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի, Չավուշօղլուիի անհանգստությունը ցույց է տալիս այն անկումային գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, լիովին համապատասխանում է  Թուրքիայի շահերին և այդ անկումային պրոցեսների ցանկացած կասեցում անհանգստացնում է Թուրքիային։

«Մենք տեսանք, որ ամենաառաջին ու անհանգիստ արձագանքը եկավ Թուրքիայից։ Մենք կարող ենք ասել, որ այո՛, Թուրքիան այն երկրներից է, որն անհանգստանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կորստով։ Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ կան բազմաթիվ կերպարներ, որոնց գործունեությունն ընդգծված թուրքական է, նույնիսկ նրանց բառապաշարը համընկնում է Թուրքիայի բառապաշարին։ Այնպես որ, Չավուշօղլուի հայտարարությունը բացահայտում է կամ թույլ է տալիս, որ այն մարդիկ, որոնք մինչ օրս չէին նկատում հայկական իշխանության մեջ եղած թուրքական շահերի պաշտպաններին, այդ միջոցով գուցե նրանք կարողանան տեսնել, որ այն, ինչը ձեռնտու է Թուրքիային, չի կարող ձեռնտու լինել Հայաստանին»,- հավելեց թուրքագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից Չավուշօղլուն անհանգստացած է, նշանակում է՝ ամեն ինչ ընթանում է  հայանպաստ ուղիով և թուրքական սցենարին չի համապատասխանում։

«Չավուշօղլուի  նման քաղաքական գործիչը կոմպլեքսավորված է հեղաշրջում երևույթից, բայց այն, ինչ արվել է հայկական բանակի կողմից, ամենևին այն չէ, ինչ Թուրքիայում տեղի է ունեցել 4 անգամ, այսինքն՝ հեղաշրջում։ Եվ զուգահեռներ տանել այդ հեղաշրջման փորձերի ու ՀՀ գլխավոր շտաբի հայտարարության միջև՝ անտեղին են»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության ժամանակ Թուրքիայի կողմից որևէ արձագանք ու անհանգստություն չի արտահայտվել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728