Նիկոլ Փաշինյանին դեմ և կողմ ակցիաները՝ մեկ տեսաշարով

«Ամենակարևոր խնդիրը, որ այսօր մենք ունենք՝ ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ինքս պատասխանեմ, բայց եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով  ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով պահանջում էին վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականը:

Փաշինյանն իր ուղերձը եզրափակել է կոչով՝ գնալ հրապարակ՝ որպես ժողովրդական խաղաղ հավաքի մասնակից, իսկ զինվորականներին՝ շարունակել իրականացնել ՀՀ պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել:

Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա:

Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- մասնավորապես ասված էր Գլխավոր շտաբի հայտարարության տեքստում:

Քիչ առաջ Գլխավոր շտաբը վերահաստատեց իր հայտարարությունը.

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,- նշված է հայտարարության մեջ։

Փաշինյանի կոչին հաջորդեց նաև ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության՝ «Բոլորս դեպի Հանրապետության հրապարակ։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին» կոչը:

Այս կոչն իրագործելու համար իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի օգտագործմանը:  168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը նախարարությունների աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մասնաշենքերից, որպեսզի հետո նրանց բերեն Հանրապետության հրապարակ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու: Նույն իրավիճակն է նաև թաղապետարաններում:

Ավելի ուշ ոստիկանների աննախադեպ քանակով երթի դուրս եկավ նաև Նիկոլ Փաշինյանը:

 

Երթի որոշումը, ըստ էության, կայացվեց այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին շատ քչերն արձագանքեցին, և հայաստանյան, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսեցին սակավամարդ հրապարակը:  Պատկերը թաքցնելու համար որոշում կայացվեց երթով քայլել փողոցներով և վերադառնալ Կառավարության շենք, որը ոչ միայն դրսից է շրջապատված ոստիկանական հսկայաքանակ ուժերով, այլև ժամեր առաջ հետնամուտքով ավտոբուսներով Կառավարության շենք են տարվել մեծաքանակ ոստիկաններ:

Փաշինյանի երթին միախառնվեցին նրա կողմնակիցների և հակառակորդների կոչերը. ի պատասխան «Նիկոլ դավաճան»  բացականչություններին՝ Փաշինյանի կողմնակիցները սկսեցին հայհոյել, իսկ որպեսզի խլացնեն Փաշինյանին ընդդիմացող մեծաթիվ քաղաքացիների ձայները,  սկսեցին ծափահարություններով անցնել փողոցներով.

 

168.amի տեսախցիկը նաև ֆիքսել է  Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին,  նրա դստերը՝ Մարիամ Փաշինյանին, և որդուն՝ Աշոտ Փաշինյանին:

Ի վերջո, երթը վերադարձավ ի շրջանս յուր, և Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ գնաց Կառավարություն:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ժամը 16:00-ին կխոսի:

 

 

Տեսանյութեր

Լրահոս