Այն, որ Փաշինյանը Հանրապետության հրապարակ է հրավիրում մարդկանց, դա սրացման տանող խաղ է. Տարասով

«Երբ Փաշինյանը պարտության ողջ պատասխանատվությունը փոխադրում է այլոց վրա, դա խոսում է, որպես ղեկավար՝ նրա թուլության մասին, քանի որ նա պետք է կրի պատասխանատվությունը երկրի, ողջ հայության համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ ՀՀ ԳՇ տարածած հրաժարականի պահանջին և Փաշինյանի կոչին՝ հավաքվել Հանրապետության հրապարակում:

Տարասովը նախ հիշեցրեց Փաշինյանի օրերս ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին արած հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես անկիրթ, ոչ կոմպետենտ և անհասկանալի:

Նա մասնավորապես ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ 10%-ով է պայթել, դա նույնն է, ինչ ասես, որ կինը երեխա է ծննդաբերել 10%-ով: Սա ոչ կոմպետենտ հայտարարություն էր: Բնականաբար, եղավ զինվորականների արձագանքը, ի դեպ, ոչ միայն հայ, այլև ռուս զինվորականների, որոնք միայն ծիծաղում էին այդ հայտարարության վրա:

Գոնե այդ թեմային անդրադառնալիս՝ պետք էր նախապես որևէ տեղեկանք ստանալ այդ զենքի տեխնիկական նկարագրի մասին և կիրթ հանդես գալ»:

Ըստ Տարասովի, այն քայլերը, հայտարարությունները, որոնք տեսնում են իրենք Ռուսաստանում, թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունը գնում է կառավարման ավտորիտար ոճով:

Այն, որ զինվորականները նման կերպ են հանդես գալիս, Տարասովի համոզմամբ, լիովին բնական ու հասկանալի է:

«Այն, որ Փաշինյանը Հանրապետության հրապարակ է հրավիրում մարդկանց՝ դա սրացման տանող խաղ է: Բայց դժվար է կանխատեսել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, որովհետև կարող են լինել բոլոր անսպասելի սցենարները: Իսկ ընդհանուր առմամբ Մոսկվայից անհանգստությամբ են հետևում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում»,- ասաց Տարասովը:

Նրա կարծիքով՝ ԳՇ-ում և ԳՇ-ի շուրջ շատ կուլիսային զարգացումներ են ընթացել, որոնցից տեղյակ չենք:

«Բանակը պարտություն է կրել, դրա համար պատասխանատու են գեներալները՝ բարձրաստիճան, բնականաբար, նրանց դեպքում կա նաև որոշակի բարդույթ, նրանց շարքում ևս պրոցեսներ են ընթանում, հավաքներ, փոխադարձ մեղադրանքները ևս շատ են, երևում է, որ նրանք չեն կարողացել կառուցել նորմալ հարաբերություններ պատերազմի ընթացքում իշխանության հետ, և կողմերը միմյանց հանդեպ դժգոհություններ ունեն, որոնք քիչ են բարձրաձայնվում: Բայց խնդիրներ կան: «Իսկանդերը» այն պատճառներից մեկն էր, որը դուրս հանեց էմոցիաները: Հետագա զարգացումները կախված են նրանից, թե ինչպես կդրսևորեն իրենց իշխանությունները, ԳՇ-ն, որը վերջնագիր է ներկայացրել, դա կմնա՝ որպես հայտարարությո՞ւն, թե՞ կանցնեն պրակտիկ քայլերի:

Ամենահեշտը փողոցում հավաքներ կազմակերպելն է Փաշինյանի կողմից, մյուս կողմից՝ կա ընդդիմության գործընթաց փողոցում, ընդդիմությունը կարող է աջակցել զինվորականներին: Շատ բարդ իրավիճակ է, ստեղծվում է հեղափոխական իրավիճակ: Բայց ասեմ նաև, որ սա Հայաստանի օգտին չէ, քանի որ պետականության կառուցվածքը քանդվում է, բնականաբար, մեծ անհանգստությամբ ենք հետևում այս ամենին: Մենք քաղաքական հաղթանակ ոչ մի կողմի չենք ցանկանում, մենք կայունության կողմնակիցն ենք»,- ասաց Տարասովը:

Ռուս վերլուծաբանը գտնում է, որ պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունը զինվորականների վրա դնելը սխալ է, քանի որ Փաշինյանն է եղել գերագույն գլխավոր հրամանատարը:

«Երբ նա պարտության ողջ պատասխանատվությունը փոխադրում է այլոց վրա, դա խոսում է, որպես ղեկավար՝ նրա թուլության մասին, քանի որ նա պետք է կրի պատասխանատվությունը երկրի, ողջ հայության համար, դու ես գլխավոր դեմքը և դու ես պատասխանատուն: Այլ հարց է, որ դու կարող ես դժգոհություններ ունենալ որոշ զինվորականների նկատմամբ, որոնք նրա կարծիքով՝ չեն կարողացել իրավիճակից գլուխ հանել: Բայց հասկանում եք, նա հումանիտար առարկաների մտածողության անձ է, ինչպես մենք, լրագրողները, չենք կարող, չէ՞, մենք ստանձնել հրամանատարությունը պատերազմի ընթացքում:

Մենք գրագետ չենք նման հարցերում, մենք կարող ենք լավ հոդված գրել կամ վերլուծություն անել, բայց չենք կարող պատերազմ ղեկավարել: Նա հատուկ գիտելիքների չի տիրապետել երբեք և չի տիրապետում: Ուստի մեղադրելու համար զինվորականներին՝ պետք է գոնե այդ ոլորտում կոմպետենտ լինել կամ կոմպետենտ անձի փոխանցմամբ անել դատողություններ, ում դու վստահում ես: Ո՞վ է այդ դեմքը, գուցե արևմտյան ինչ որ դեսպանատուն, ո՞վ է այն անձը, որ լարվածության վրա է խաղում»,- նշեց Տարասովը:

Նրա կարծիքով՝ հայ ժողովուրդը պետք է հավաքվի, ստեղծի կոմպետենտ հանձնաժողով և հասկանա՝ ինչ տեղի ունեցավ, եթե դա չլինի, քաղաքական ուժերն անընդհատ միմյանց են մեղադրելու և կռվելու միմյանց դեմ:

Տարասովի որակմամբ՝ որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի պարզ է դառնում, թե ինչ հարված է հասցվել հայությանը՝ ոչ միայն Ղարաբաղի հայությանը, այլ ողջ հայությանը, Սփյուռքի հայության հեղինակությունը սկսել է կտրուկ նվազել, նրանք ոչինչ չկարողացան անել, իսկ նախկինում բոլորը կարծում էին, որ հայկական լոբբին ամենահզորն է, պայքարում է թուրքերի, Ադրբեջանի դեմ, պարզվում է, որ ոչինչ չկարողացան անել:

«Պարզվեց, որ միակ դաշնակիցը Ռուսաստանն է, ում Փաշինյանն ու իր աջակիցները հարվածներ են հասցնում անհասկանալի կերպով: Հիմարություններ է խոսում «Իսկանդերի» մասին, ի՞նչ ասել է՝ կիսով չափ է պայթել, հասկանալի կլիներ, երբ չպայթեր, բայց այն, ինչ հնչեց, անհասկանալի էր»,- ասաց Տարասովը՝ ամփոփելով, որ Ռուսաստանը չեզոք է վերաբերվում և անհանգստությամբ հետևում զարգացումներին:

Նրա պնդմամբ՝ ՌԴ-ն որևէ քաղաքական նախընտրություն չունի, եթե ուզում են անցկացնել արտահերթ ընտրություններ, թող անեն, չեն ուզում՝ թող չանեն, Ռուսաստանը չի միջամտում:

 

Տեսանյութեր

Լրահոս