«Իհա՛րկե ոչ». Հայկ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի մասին

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով պահանջում էին  վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականը.

«Ամենակարևոր խնդիրը, որ այսօր մենք ունենք՝ ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ինքս պատասխանեմ, բայց եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել»,- հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանն իր ուղերձը եզրափակել է կոչով՝ գնալ հրապարակ՝ որպես ժողովրդական խաղաղ հավաքի մասնակից, իսկ զինվորականներին՝ շարունակել իրականացնել ՀՀ պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել:

Ահա այս կոչով ինչ-ինչ խմբեր շտապեցին Հանրապետության հրապարակ:
Տեղեկություններ տարածվեցին, որ Հրապարակը «լցնելու» համար իշխանությունները սկսել են նաև օգտագործել վարչական ռեսուրսը: Փաշինյանի կոչին հաջորդեց նաև «Իմ քայլը» խմբակցության՝

«Բոլորս դեպի Հանրապետության հրապարակ։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին» կոչը:

168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը նախարարությունների աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մասնաշենքերից, որպեսզի հետո նրանց բերեն Հանրապետության հրապարակ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու:

Այս մասին մեզ տեղեկացրեցին ՀՀ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից: Նույն իրավիճակն է նաև թաղապետարաններում:
Կոչերին անսալով՝ Հանրապետության հրապարակ էր եկել նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, նա պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
Նրա պնդմամբ՝ ընդդիմադիրները վերջին օրերին իրենց հավաքների ընթացքում բազմիցս արել են «որոշ գործողություններ».

«Եղել են բախումներ, վարչապետի դիրքորոշումը պաշտպանող քաղաքացիների վրա են հարձակվել, եղել են նման դեպքեր, բայց կարծում եմ՝ այսօր չի լինի, լինելու դեպքում՝ ոստիկանները կամ քաղաքացիները արագ կկանխեն, որովհետև այստեղ հավաքվում են մեր հանրության այն քաղաքացիները, ում հետաքրքրում է միայն ՀՀ պետական շահը»:
Արդյոք սա քաղաքացիական պատերազմի դրդում չէ՞ հարցին՝ նա պատասխանեց. «Սա հենց հակառակ նպատակը ունի, որպեսզի թույլ չտա՝ Հայաստանում լինի որևէ բախում, որևէ լարված իրավիճակ»:

Նա հերքեց լուրերը, թե իրենց հավաքին օգտագործում են վարչական ռեսուրս՝ նշելով. «Որևէ հանրահավաքի վարչական ռեսուրս չի օգտագործվել» դիտարկմանն էլ, թե նախարարություններում որոշ աշխատակիցների ասում են, թե չգնաք, աշխատանքից կազատվեք, արձագանքեց. «Չի կարող նման բան լինել, եթե նման հայտարարություն անողներ են եղել, թող դրա մասին հրապարակեն»:
Մինչ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում բացառում էր բախումների սցենարը և չի տեսել միջադեպեր, նրանից մի քանի քայլ այն կողմ՝ ինչ-որ քաշքշոց սկսվեց. հարցազրույցն ընդհատվեց:
Երբ վերսկսվեց լրագրողների հետ զրույցը, մեկնաբանելով կատարվածը՝ պատգամավորն ասաց. «Ես չտեսա, որևէ բան. չեմ բացառում, որ կարող է մեկը մեկի հետ իրար չհասկանան, բայց որ լինի բախում, զինված որևէ գործողություններ, տեղի չեն ունենա»:

Պատրաստվո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալ՝ հարցին Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Իհա՛րկե ոչ. նման պահանջ չկա, հանրության կողմից կա մի պահանջ, որպեսզի վարչապետը միայնակ չթողնի ժողովրդին, և վարչապետը միայնակ չի թողնի մեր ժողովրդին»:

Ի պատասխան հարցին էլ՝ արդյո՞ք ռազմական և քաղաքական իշխանությունների միջև ճգնաժամ կա, վստահորեն նշեց. «Ո՛րևէ ճգնաժամ Հայաստանում չկա»:

 

Տեսանյութեր

Լրահոս