Դա ճշմարիտ մոտեցում է և վերին աստիճանի սպասված, եթե չասեմ՝ ուշացած․Լարիսա Ալավերդյանը՝ ԳՇ հայտարարության մասին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
«Դա ճշմարիտ մոտեցում է և վերին աստիճանի սպասված, եթե չասեմ՝ ուշացած։ Բանակն առաջին կայացած ինստիտուտներից մեկն է, իսկ երկրորդը, ինչպես մենք տեսանք՝ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակն է»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է՝ նշեց․
«Իրենց ձեռքում մնացած լծակներով ամեն ինչ անելու են, որ բերեն իրենց ենթականերին և ներկայացնեն՝ որպես ժողովրդի այդ մասը։ Պետք է հստակեցնենք, որ քչերն են մնացել։ Ես երբևիցե չեմ հիասթափվել ժողովրդից։ Համոզմունք ունեմ, որ ոստիկանությունը, ի վերջո, կսթափվի և կհասկանա, որ այն կեցվածքը, որը ցուցաբերել են երեկ ու առաջին օրը՝ խայտառակություն է, և սկսեն կատարել այն, ինչ գրված է օրենքով և ինչ գրված է մեր հոգիների մեջ՝ պաշտպանել երկիրը, քաղաքացուն և պետականությունը։ Գրեթե 30 տարի ես շփվում եմ ուժային և իրավապահ մարմինների հետ։ Այնպիսի գրագետ անձինք, ինչպես ունենք դատախազությունում, կնախանձեն շատ-շատ մեծ երկրներ։ Ես կցանկանայի, որ այդ գրագիտությունը բարոյականության հետ միասին հանդես գա։ Երբ գրագետ մարդը չի գործում բարոյական, նա դառնում է ավելի վտանգավոր, քան անգրագետ հանցագործը»։