Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։