Բաժիններ՝

Պահեցողություն. Մեծ Պահք

Քառասնօրյա պահեցողության հիմքը Հիսուսի՝ անապատում անցկացրած 40 օրերի ծոմապահությունն է:

Այս ժամանակաշրջանը կոչվում է Մեծ պահք, քանզի այն ամբողջապես տարբերվում է մնացյալ բոլոր այլ պահքերից, որոնք կազմում էին շաբաթական հինգ կամ երկու օր: Այսպիսով՝ Մեծ Պահքի կարևոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն է, որպեսզի Ավագ շաբաթվա ընթացքում նա արժանապես մոտենա Ս. Հաղորդությանը և ուրախությամբ տոնի Ս. Զատիկը:

Հետաքրքրական է, որ 4-րդ դարից առաջ քրիստոնեական հին գրականության մեջ չնայած ուրբաթ օրերի պահքի բացահայտ հիշատակմանը, չկա գրեթե ոչ մի հիշատակություն քառասնօրյա պահեցողության որևէ շրջանի մասին:

Որպես այդպիսին, «Քառասնորդաց» բացատրությունն առաջին անգամ հիշվում է՝ 325 թվականի Նիկիայի ժողովի Ե կանոնում, որը հավանաբար ակնարկում է Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը, որից առաջ հարկավոր էր անցկացնել եպիսկոպոսական տարեկան երեք ժողովներից մեկը:

Իսկ արդեն 330-ական թվականներին Ալեքսանդրիայի հայրապետներից Ս. Աթանասը իր հոտին բացահայտորեն թելադրում է նախքան Ավագ շաբաթը 40 օր պահեցողություն անել:

Առհասարակ պահեցողության և մասնավորապես Մեծ պահքի օրենքները առավել խիստ են եղել արևելքում: Եվ արևելյան եկեղեցիներում, ի տարբերություն արևմուտքի, երկար դարեր հստակորեն պահպանվել է պահքի սկզբնական սովորույթները, այսինքն՝ օրական միայն մեկ անգամ ուտելն ու մսեղենից ու կենդանական կերակուրներից հրաժարումը: Հետագայում արտոնվեց օրական մեկ անգամից ավել ճաշելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում տարվա մեջ ունենք 158 օրեր, որոնցից 40-ը զուտ Մեծ պահքինն են, իսկ մնացածի ճիշտ կեսը՝ 59 օր, կազմում են 11 շաբաթապահքերը, և մյուս կեսը չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերն են:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս