Չեխիայում մտադիր են խստացնել կորոնավիրուսի սահմանափակումները
Չեխիան պետք է խստացնի հակահամաճարակային միջոցները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կանխելու «աղետը» հիվանդանոցներում, քանի որ երկրում այս պահին գրանցվում են կորոնավիրուսով վարակման և մահացության ամենաբարձր ցուցանիշներն աշխարհում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:
«Մեզ դժոխային օրեր են սպասվում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:
Երկրում փետրվարի 23-ին հայտարարվել է կորոնավիրուսով վարակվելու 15 հազար նոր դեպքի մասին: Եվրոպայում Չեխիան ունի վարակի տարածման ամենաարագ տեմպերը: Ծանր վիճակում հոսպիտալացվածների թիվը 1 389 է: Որոշ հիվանդանոցներ ստիպված են եղել տեղափոխել այլ հիվանդների, իսկ առողջապահության նախարարը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում դրանց ծանրաբեռնվածությունը կարող է ավելանալ: Կառավարությունը մտադիր է որոշ հիվանդների բուժման հարցում օգնության համար դիմել Գերմանիային:
Համավարակի տարածման սկզբից ի վեր Չեխիայում գրանցվել է վարակման 1.18 մլն դեպք, 19 հազար 682-ը մահացել են:
Չեխիայի վարչապետն առանց մանրամասներ հայտնելու տեղեկացրել է, որ հնարավոր են երկրում նոր սահմանափակումներ կիրառել:
Այս պահին երկրում փակ են ռեստորանները, մարզասրահները, թատրոններն ու ժամանցային այլ կենտրոնները, բաց են միայն մթերային խանութները: Բաց են նախակրթարանները, իսկ դպրոց հաճախում են միայն առաջին և երկրորդ դասարանցիները: Վարչապետի գնահատմամբ՝ այլևս հավանական չէ, որ ավելի բարձր դասարանցիների հաճախելիությունը դպրոց առաջիկայում կվերականգնվի: