Բաժիններ՝

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԶԼՄ աշխատակիցների գործունեությունը խոչընդոտելու, նրանց սպառնալու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելու փաստերը

Երեկ ընդդիմադիր ուժերի երեկոյան կազմակերպած երթի ընթացքում անթույլատրելի միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան խմբագրության՝ տվյալ պահին իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրող Արտակ Խուլյանի, օպերատոր Կարեն Չիլինգարյանի և երթի մասնակից որոշ քաղաքացիների միջև:

Միևնույն ժամանակ, դրանից ժամեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ կառավարության 1-ին մասնաշենքից գնում էր դեպի 3-րդ մասնաշենք, բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվում ընդդիմադիր քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, իսկ «Սպուտնիկ Արմենիայի» օպերատոր Արամ Ներսիսյանին ոստիկանները տառացիորեն ոտնատակ տվեցին կրկին վերջինիս՝ իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելու պահին:

Այսօր ևս Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու, և երբ ծագած վեճի վերաբերյալ Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը փորձել է մեկնաբանություն ստանալ տիկնոջից, վերջինս հարվածել է կայքի թղթակցի տեսախցիկին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող Զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտելու, նրանց սպառնալու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելու փաստերը:

Ազատ խոսքն այլընտրանք չունի, և ի սկզբանե լրագրողների՝ ազատ խոսքի իրացումն արգելելու կամ սահմանափակելու և նրանց՝ իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու պահին խանգարելու փորձերը անհեռանկար են ու դատապարտված են անհաջողության:

Ներքաղաքական բոլոր դերակատարներին կոչ անելով պահպանել կոռեկտության սահմանները՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների ազատ տեղաշարժի ու երթերի, ցույցերի ընթացքում նրանց անվտանգության և մասնագիտական գործունեության անխաթար իրացման երաշխավորն ու պատասխանատուն ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս ոստիկանության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս