«Սերժ Սարգսյանին պատասխանելու ողորմելի փորձեր էին». Շարմազանովը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ գլխավոր կապիտուլյանտի հարցազրույցը ոչ թե մեկնաբանությունների ու քննարկումների, այլ՝ զավեշտի ու անհեթեթության առիթ տվեց։

«Թե՛ Հայաստանում բարձրաստիճան զինվորականները, հասարակական ու քաղաքական մտքի ներկայացուցիչները, թե՛ սովորական քաղաքացիները զարմացած էին ու ձեռ էին առնում գլխավոր հողատու կապիտուլյանտի երեկվա մտքի անհաջող գոհարները։ Ես երեկ գիշերն եմ դրան անդրադարձել ու ասել եմ, որ դա հստակ քայլ է՝ ուղղված մեր ռազմավարական դաշնակցի դեմ։ Դեռ 2018 թվականի հունիսին ասել եմ, որ այս հողատու հեղափոխությունը երկու նպատակ է հետապնդում՝ Արցախի ոչ հայանպաստ լուծում և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացում ու ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն»,- այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է Նիկոլ Փաշինյանի ասածները մտքեր անվանել, սակայն չի կարծում, որ դրանք պատահականության արդյունք էին, քանի որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն գնում է մեկ գծով՝ կործանել Հայաստանը, թուլացնել անվտանգությունը, վատթարացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։

«Իսկ «Իսկանդերի» մասով, որ այն 80-ականների զենք է, բնականաբար, դա նրա պարզ չիմացության և անգրագիտության արդյունքն է։ Բոլորին է  հայտնի, որ «Իսկանդերը» 21-րդ դարի զենք է, և միայն հայկական ու ռուսական բանակներն այն ունեն։ Սա այն գործի հստակ շարունակությունն է, որը նա դրել է Խաչատուրովի վրա քրեական գործ հարուցելով։ Մենք տեսանք, որ Ռուսաստանից խիստ ապտակներ ստացավ այս կապիտուլյանտը, ինչը դեռևս շարունակվում է։ Դրանք Սերժ Սարգսյանին պատասխանելու ողորմելի փորձեր էին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս