«Ռադիոտունն իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի տո՞ւնն էր, որ այդպես մտան-դուրս եկան». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանի հայտարարությունները մեկ նպատակ ունեն՝ չքմեղանալու և մեղավորներ գտնելու, պատերազմում պարտություն կրելն այդ մեղավորների վրա բարդելու:
«Սա թույլ անձի հոգեբանություն է, և Նիկոլ Փաշինյանը չի վարանում իր այդ անբարոյական քաղաքականությունն իրականացնել, հիմա էլ առանց ամոթի՝ ցուցադրում է ոչ միայն իր տգիտությունը, այլ նաև փորձեր է կատարում՝ իր մորթին փրկելու համար խնդիրներ ստեղծել հայ-ռուսական հարաբերությունների առումով: Նախ՝ սկսենք նրանից, որ «Իսկանդերը» 80-ականների զենք չէ, այն 2006 թ. է սկսել արտադրվել, և 2006 թվականից էլ արդեն ռուսական բանակը սկսել է զինվել «Իսկանդերներով»: Երկրորդ՝ ինչ վերաբերում է «Իսկանդերի» կրակել-չկրակելուն, կամ 10 տոկոսով կրակելուն, սա աբսուրդի ժանրից է, և ես չգիտեմ՝ ինչ է նշանակում՝ 10 տոկոսով է կրակել, կամ ինչ է նշանակում՝ նախկինները թող պատասխանեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե՝ «Իսկանդերը» պետք է կրակեր արդեն պատերազմի 4-5-րդ օրը, և բառացի հետևյալն ասաց. «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»: Փաշինյանը նաև ասել էր, որ միգուցե 80-ականների զենք է «Իսկանդերը»:
Գագիկ Համբարյանը Փաշինյանի այս հայտարարությունները համարում է ռուսական զենքի հակագովազդ. «Նա իմանալով, թե սրա հետևանքները որոնք են լինելու, նմանատիպ հայտարարություն է անում, հետո զարմանում է, թե ինչպես ստացվեց, որ Մոսկվայում իրեն վատ են ընդունում, կամ ընդհանրապես, վերջին տարիներին՝ իր կողմից ղեկավարվող ժամանակահատվածում, հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավ չեն, այլ նաև բավական վատացել են: Սա է խնդիրը, որ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթը, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, ուղղակիորեն՝ իր անգրագիտությամբ, իր տարատեսակ անտրամաբանական հայտարարություններով, ուղղակիորեն խնդիրներ է ստեղծում ոչ թե իր, այլ ՀՀ-ի համար»:
ՌԴ Պետական Դումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ասել է. «Երբ մարդն իր անմեղության համար ելքեր է փնտրում, ապա նա և՛ «Իսկանդերին» մեղավոր կհանի, և՛ հայ ժողովրդին, և՛ զինվորական գործիչներին: Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Մեր «Իսկանդերները» բարձր ճշգրտության զենքեր են, և դա դրսևորվել է բազմիցս տարբեր զորավարժությունների ժամանակ: Փաշինյանի խոսքերը բացարձակ սուտ են… Մեղմ ասած, ես չեմ համաձայնի ընկեր Փաշինյանի այդ կարծիքի հետ»:
Գագիկ Համբարյանը նկատեց՝ նմանատիպ հայտարարությունները դեռ առաջին ծաղիկներն են. «Ես չեմ կարծում, որ Մոսկվան բացահայտ դեմարշներ կանի Փաշինյանի դեմ, Մոսկվան հմտորեն կօգտագործի Փաշինյանին, ինչպես օգտագործել է մինչև հիմա: Եթե դավաճան, ազգադավ, կապիտուլյանտ Փաշինյանը չի հասկանում, որ իր կողմից վարչապետի աթոռն ամեն գնով պահելը ոչ միայն օգուտ չի տալիս իրեն, այլ նաև օգուտ չի կարող տալ ՀՀ-ին, սա իր խնդիրն է: Ինքը չի հասկանում, որ իր նման կապիտուլյանտի, իր նման նսեմացվածի և նվաստացվածի հետ ոչ ոք հավասարը հավասարին չի բանակցելու, և եթե մտածում է, որ ապագայում կամ հենց հիմա էլ Պուտինը կամ Ադրբեջանի բռնապետը իր հետ՝ հավասարը հավասարի հետ պետք է նստեն և բանակցեն, չարաչար սխալվում է, այդպիսի բան չկա՝ ոչ ոք կապիտուլյանտին լուրջ չի ընդունում: Ինչ վերաբերում է Մոսկվայի արձագանքին, Մոսկվան սա շատ լավ կօգտագործի, որպեսզի Փաշինյանին պարտադրի անել այն, ինչ ինքը ցանկանում է»:
Քաղաքագետն ընդգծեց՝ Մոսկվայում շատ լավ գիտեն Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած ուժերին, նրա պատվիրատուներին. «Դավաճան Նիկոլն այս հայտարարությունը պատահական չի արել. Սա պատվեր է, որն ինքը կատարում է: Այսինքն՝ ինքը վարկաբեկում է ռուսական զինտեխնիկան, որն արժեք ունի զենքի միջազգային շուկայում: Փաշինյանը պատվեր է կատարում այն ուժերի կողմից, որոնք 2018թ. գարնանն իրեն բերեցին իշխանության: Դուք շատ լավ գիտեք, որ զենքի միջազգային շուկայում գնում է ուժեղ պայքար՝ խոշոր արտադրող պետությունների միջև, և Նիկոլ Փաշինյանի այսպիսի հակառուսական դեմարշը, այն էլ՝ ռուսական ամենահայտնի «Իսկանդեր» տեսակի զենքի վերաբերյալ, ուղղակի նվեր էր: Իսկ ես չեմ համարում, որ սա պատահական էր: Նաև այս հայտարարությամբ փորձեց չքմեղանալ, թե՝ զենքը լավը չէր, մենք էլ չկարողացանք Շուշին պաշտպանել, և հիմա պարզվում է, որ ըստ ռազմական փորձագետ, ռազմական տեխնիկայի մասնագետ Փաշինյանի՝ 10 տոկոսով է պայթել, ես չգիտեմ, շատ լավ կլինի, որ փորձագետները մեկնաբանեն, թե զենքի պայթելու 10 տոկոսը որն է»:
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» եթերում ընդդիմության վերաբերյալ հայտարարել էր. «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»: Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ այս հայտարարությունն ինչպե՞ս է հասկացել, քանի որ իշխանությունները նշում են, թե մարդիկ այն սխալ են հասկացել և մեկնաբանել:
«Հասկացել եմ այնպես, ինչպես հասկացել են բոլոր նորմալ մարդիկ, որ սա մեսիջ է իշխանությունների կողմից, որ, եթե փորձ կատարվի գրավելու կառավարական շենքերը, ապա փողոցային ժողովրդավարության կողմնակից Նիկոլ Փաշինյանը զենք կբարձրացնի ժողովրդի դեմ: Սա՝ այն դեպքում, երբ 2018թ. նույն Փաշինյանն իր խուժանախմբով հարձակվեցին, գրավեցին Ռադիոտունը, ջարդուփշուր արեցին սենյակներից մեկի դուռը, և դա ոչ ոք չդիտարկեց՝ որպես ռազմավարական օբյեկտի գրավում ընդդիմադիրների կամ հեղափոխականների կողմից»:
Դիտարկմանը՝ իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասել էր, թե Ռադիոտունը չեն գրավել, մտել են շենք և դուրս են եկել, նա այսպես արձագանքեց. «Ռադիոտունն իր հոր տո՞ւնն էր՝ Կարապետ Ռուբինյանի տո՞ւնն էր, կամ իր մոր տո՞ւնն էր, որ այդպես մտան-դուրս եկան: Ի դեպ, նշենք, որ Պետական ռադիոյի մասին է խոսքը, որը բոլոր երկրներում համարվում է ռազմավարական նշանակության օբյեկտ»:
ՄանրամCategoriesասները՝ 168TV-ի տեսանյութում