«Ո՞վ չի հասկանում, որ առաջին հերթին պետք է անվտանգությունն ապահովեն, հետո նոր ենթակառուցվածքներ զարգացնեն». Որոտանի գյուղապետ

Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին Նիկոլ Փաշինյանի  տված բնորոշումը շատերի, այդ թվում՝ սյունեցիների մոտ զարմանք է առաջացրել։

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, թե Սյունիքում անլուծելի խնդիրներ չկան. «Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ, ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք»,- նշել է Ն. Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Որոտան գյուղի ղեկավար Սուրեն Օհանջանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ եթե կա այդպիսի մարդ, թող կանգնի ու պարզ ասի՝ Սյունիքում անվտանգության խնդիրներ չկան։

«Բնականաբար, որևէ մեկը 100 տոկոս չի կարող ասել, որ անվտանգության խնդիրներ չկան, եթե մեկը կարող է, թող ասի։ Մենք էլ ենք լսել, որ ենթակառուցվածքներ են կառուցելու, զարգացնելու, բա մենք էլ սպասելու ենք, թող անեն, դրանից հետո բնակիչներն իրենց խոսքը կասեն։  Բայց այդ ո՞վ չի հասկանում, որ մեզ մոտ առաջին հերթին պետք է անվտանգությունն ապահովեն, հետո նոր ենթակառուցվածքներ զարգացնեն։ Մեզ առաջինը ոչ թե ենթակառուցվածք կամ ինչ-որ բան է պետք, այլ  անվտանգության ապահովումը, ժողովուրդն իրեն մնացածով կապահովի։ Կրկնում եմ՝ մեզ մոտ, Հայաստանում, Արցախում, առաջինը պետք է անվտանգությունն ապահովեն, մեր ժողովուրդն ինչպես ապրել է, այնպես էլ ապրելու է, մնացածը Կառավարության գործառույթն է»,- շեշտեց Ս. Օհանջանյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապերին, Սուրեն Օհանջանյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ առհասարակ չի հասկանում, թե ինչ առևտրային կամ տնտեսական կապեր հաստատելու մասին է խոսքը։

168.am հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը մեկնաբանեց նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Ես այդ հայտարարության հետ կապված՝ պարզապես  որևէ բան չեմ կարող ասել, այժմ Հայաստանի Հանրապետության ո՞ր քաղաքը կամ շրջանն է ապահոված անվտանգային համակարգով, որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել»,- հարցրեց Հակոբ Արշակյանը։

Նա դեմ չէ, որ ենթակառուցվածքներ ստեղծեն ու զարգացնեն, քանի որ բնակիչներին, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում, դրանք ուղղակի անհրաժեշտություն են, սակայն դրանից առաջ պետք է ապահովվի այդ նույն բնակիչների անվտանգությունը։

«Ես չեմ հասկանում, թե սյունեցիների համար ի՞նչ հնարավորություններ են ստեղծվել, որի մասին խոսում են, ես որևէ ծրագրի ծանոթ չեմ։ Շուռնուխում կամ առհասարակ Սյունիքում այդ հնարավորությունները չեմ տեսում ու չգիտեմ էլ՝ ինչի՞ մասին են խոսում, գուցե ես չեմ հասկանում»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Տեսանյութեր

Լրահոս