Ադրբեջանը հաստատեց երեք հանքավայրերի շահագործման իրավունքը
Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն
Սույն թվականի հունվարի վերջին, Ադրբեջանի կառավարության և Անգլո Աժիան Մայնինգ (Anglo Asian Mining plc) ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել երեք հետևյալ հանքավայրերը` (1) Սոթք, (2) Կաշեն և (3) Վեջնալի (Զանգելան)։ Պետք է նշել, որ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը այդ հանքվայրերը շահագործվել են հայկական ընկերությունների կողմից` Գեոպրոմայնինգ Գոլդ (Սոթք) և Վալլեքս Գրուպ (Կաշեն), որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։
Այսպես, պատերազմից փաստացի երեք ամիս անց, Ադրբեջանը բրիտանական ընկերությանը ստորաբար վերահաստատել է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները, որը, իհարկե, Հայաստանի կառավարության պահանջատեր չլինելու արդյունք է։ Ադրբեջանը այդ հանքավայրերը տրամադրել է շահագործման ընդհանուր երեսուն տարի ժամկետով։ Սկսած հունվար ամսից, Անգլո Աժիան Մայնինգը սկսել է տեղեկություններ տրամադրել ներդրողներին, թե’ հանքավայրերի շահագործման իր իրավունքի, և թե’ հանքերի ծավալների և տեսակների վերաբերյալ։ Օրինակ` առ 2019 թվականի հունվարի դրությամբ Սոթք հանքավայրի ծավալները, ըստ Ադրբեջանի, հասնում էին մինչև 74,7 տոննա, որը գումարային կազմում է մոտ 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ավելին, բրիտանական ընկերության պնդմամբ Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանքներ, և հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանի կառավարությունը անգործության մատնել Կովկասի ամենամեծ հանքավայրը, որտեղ գործում էր օտարերկրյա կապիտալով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։
Անգլո Աժիան Մայնինգը իր ներդրողներին հայտարարել է, որ սկսած 1994 թվականից Հայաստանը փաստացի այդ երեք հանքավայրերը օգտագործել է անօրինական, որով վնաս է հասցվել թե’ բրիտանական ընկերությանը (ի միջի այլոց տեղեկություններ կան, որ Ալիևի ընտանիքը ունի անուղղակի մասնակցություն այս ընկերությունում) և թե’ Ադրբեջանին։
Այսինքն, այս ընկերությունը իրավական հող է նախապատրաստում փոխհատուցման հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի, որի մասին բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնվել է, սակայն մնացել է անարձագանք Փաշինյանի կառավարության կողմից։ Ավելին, ներկայումս, Անգլո Աժիան Մայնինգը սպասում է, որ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը տրամադրի հաստատում, որ տարածքներն ազատագրված են և ապահով են ընկերության գործունեության համար։ Այստեղ պետք է նորից բարձրացնել այն հարցը, թե ինչու է Հայաստանի գործող իշխանությունը շարունակում անտեսել այս խնդիրը` չներկայացնելով որևէ պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Գործող իշխանությունները անհապաղ պետք է հանրաթյանը ներկայացնեն քաղաքական (դիվանագիտական) օրակարգերը։
Հատկանշական է, որ բրիտանական ընկերությունը հայտարարել է իր ներդրողներին, որ Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորը լայն հնարավորություն կտա ընկերությանը շահագործելու Օրդուբադի հանքավայրը, որը գտնվում է Նախիջևանում։ Ըստ Անգլո Աժիան Մայնինգ ընկերության պաշտոնական փաստաթղթի, տրանսպորտային կորիդորը բաղկացած է լինելու նոր ուղիղ երկաթուղուց և ավտոմոբիլային ճանապարհից։ Հայաստանի կառավարությունը անհապաղ պետք է բացահայտի բոլոր պայմանավորվածությունները, որոնք առնչվում են Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորին։