Որտե՞ղ են կիրառված «Իսկանդեր»-ի կտորները, որովհետև Ադրբեջանը դրանք մեծ հաճույքով կցուցադրեր, և թե ինչո՞ւ չի ցուցադրել, շատ տարօրինակ է. Խրամչիխին
«Ի՞նչ է նշանակում, որ հրթիռը պայթել է 10 %-ով, քանի որ հրթիռը կա՛մ պայթում է, կա՛մ՝ ոչ »,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ իր զարմանքը հայտնելով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան պատերազմում ռուսական «Իսկանդեր» համակարգի անհաջող կիրառման մասին դիտարկումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, ասել է՝ իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: «80-ականների զե՞նք էր գուցե»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ բացարձակապես չի հասկանում, թե ինչ է նշանակում, որ հրթիռը պայթել է 10 %-ով, քանի որ հրթիռը կա՛մ պայթում է, կա՛մ՝ ոչ: Նա կասկածի տակ դրեց այս թեմայով Նիկոլ Փաշինյանի արած պնդումները: Մեկ հրթիռ, ըստ Խրամչիխինի, կարող է ինչ-որ պատճառով չպայթել ցանկացած զինատեսակի դեպքում, քանի որ տեխնիկան ունի խնդիրներ հարուցելու հատկություն, բայց ընդհանրապես հետաքրքիր է, թե որտեղ են այդ արձակված հրթիռի կտորները, որովհետև Ադրբեջանը մեծ հաճույքով կցուցադրեր այդ կտորները, և թե ինչո՞ւ չի ցուցադրել, շատ տարօրինակ է:
«Ինչո՞ւ է հանկարծակիորեն դրա մասին հայտարարվում պատերազմի ավարտից 4 ամիս անց, ևս տարօրինակ է: «Իսկանդերը» ոչ թե 80-ականների սպառազինություն է, այլ 2000-ականների, այսինքն՝ ոչ թե սովետական է, այլ ռուսական: Գուցե Փաշինյանը ինչ-որ բան շփոթել է, քանի որ լիովին հասկանալի է, որ ռազմական ոլորտում նա բացարձակ ոչ կոմպետենտ մարդ է, և այստեղ արդեն իր փոխարեն չեմ կարող մեկնաբանել այդ պնդումները»,- ասաց ռազմագետը:
Ըստ Խրամչիխինի՝ զարմանալի է նաև, թե ինչու հայկական կողմը՝ ՀՀ ԶՈՒ-ն, նման անատամ ձևով էր պատերազմում: «Գուցե բացարձակ չէ՞ր ցանկանում ներքաշվել հակամարտության մեջ, որպեսզի չհայտնվի Ադրբեջանի հետ ուղիղ պատերազմում»,- նման պնդում արեց Խրամչիխինը:
Ռուս ռազմական վերլուծաբանն ասաց, որ հետևել է Արցախյան երկրորդ մեծ պատերազմին, սակայն որևէ կերպ չի նկատել «Իսկանդերի» օգտագործում: «Շատ զինատեսակների կիրառում նկատել եմ, ինչպես Р-17-ի, Էլբրուսի և այլ զինատեսակների, որոնք ոչ մեկը չի թաքցրել, և ադրբեջանցիները միանգամից ցուցադրում էին կտորները, օրինակ՝ հենց Գյանջայում, իսկ «Իսկանդեր» չեմ նկատել, առավել ևս, դրա օգտագործումը կնշանակեր, որ Հայաստանն ուղիղ պատերազմում է Ադրբեջանի դեմ»,- ասաց Խրամչիխինը:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանն առաջին արտասահմանյան երկիրն է, որը գնել է «Իսկանդեր», Ռուսաստանը դեռ չի օգտագործել՝ երկրորդ չեչենական պատերազմին այն չկար, Վրաստանի հետ պատերազմի ընթացքում գուցե եղել է մեկ կիրառում, այնուամենայնիվ, այն օգտագործման մեծ պատմություն չունի, սակայն այն, ինչ ասվել է դրա անհաջող կիրառման մասին, չափազանց տարօրինակ ու անհասկանալի է:
«Կրկնեմ՝ ես չգիտեմ , թե ինչպես կարող է կիսատ պայթել կամ համակարգը լիարժեք չլինել, լավ վիճակում չլինել, բայց չգիտեմ նաև, թե ինչպես են այն փորձել շահագործել հայ զինվորականները: Ես կկրկնեմ, որ մեկ հրթիռ ցանկացած սպառազինության դեպքում կարող է չպայթել պարզապես, բայց դա չի կարող ստատիստիկա ձևավորել: Ու թե քանի անգամ է կիրառվել, ինչ հաջողությամբ՝ չգիտենք, քանի որ տվյալներ չկան և կրկին՝ որտե՞ղ են արձակված հրթիռի կտորները»,- ասաց Խրամչիխինը: