«Չեմ կարծում, թե Փաշինյանն այն մասնագետն է, որը կարող է հստակ գնահատական տալ «Իսկանդերի» վիճակի և կիրառման արդյունավետության վերաբերյալ». Սեյրան Օհանյան
«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- նման հարց-հայտարարություն հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը երեկ իր հերթական հարցազրույցում:
Թեման արագ տարածվեց թե՛ տեղական, թե՛ միջազգային լրատվականներում, փորձագիտական, քաղաքական շրջանակներում և անգամ՝ ադրբեջանական տիրույթում:
Ըստ Ձեզ՝ ի՞նչ հաշվարկներ է արել Փաշինյանը՝ նման եզրակացության գալու համար՝ հետաքրքրվեցինք ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանից:
Ի պատասխան՝ նա նշեց.
«Երբ «Իսկանդերը» ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից գնվել է, մեր մասնագետների՝ Պաշտպանության նախարարության լավագույն մասնագետների կողմից ընդունվել է, նաև՝ մենք մասնագետներ ենք պատրաստել, համապատասխան փորձարկում է անցել, և տեխնիկապես այն համապատասխանել է բոլոր այն բնութագրերին, ինչն անհրաժեշտ է, որ այն մարտական կիրառմանը պատրաստ լինի:
Թե այս տարիների ընթացքում ի՞նչ է եղել՝ չգիտեմ, բայց չեմ կարծում, թե այս տարիների ընթացքում զորավարժությունների, տարբեր տեխնիկական սպասարկումների ընթացքում այն չի պահպանվել մարտական պատրաստականության վիճակում. այդպիսի հեռահար և ճշգրիտ զենքերը միշտ էլ ուշադրության կենտրոնում են լինում և՛ պահպանման, և՛ տեխնիկական սպասարկման, և՛ մարտունակության առումով:
Ինչ վերաբերում է «Իսկանդերի» կիրառմանը, ապա այն սովորաբար կիրառվում է հակառակորդի առաջնահերթ օբյեկտների խոցման համար. այդ ամենը Զինված ուժերի կիրառման պլանի մեջ է և ԳՇ վերահսկողության տակ է գտնվում, Հրթիռահրետանային վարչությունն է այդ ամենին տնօրինում:
Մնացած հարցերը պետք է իրեն տալ. ինձ համար անհասկանալի՝ ինչ է նշանակում՝ 10 տոկոսով է աշխատել, թե 10 տոկոսն է միայն պայթել. ի՞նչ է, այդ արկի 10 տոկոսը պայթել է, մնացած 90 տոկոսը չի՞ պայթել: Այդ ամեն ինչի մեկնաբանությունն իրենք պետք է տան, և չեմ կարծում, թե նշված անձը՝ Փաշինյանը, այն մասնագետն է, որը կարող է հստակ գնահատական տալ «Իսկանդեր»-ի վիճակի և կիրառման արդյունավետության վերաբերյալ»:
Հարցին, թե հաշվի առնելով, որ այս պատերազմի շուրջ հարցերը, առեղծվածային միջադեպերը շատ են, անհրաժեշտություն չկա՞ արդյոք քննելու 44-օրյա պատերազմը, չէ՞ որ Ապրիլյան քառօրյա պատերազմն ամիսներ շարունակ քննվեց՝ այդ թվում՝ Ազգային ժողովում, Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Ապրիլյան պատերազմն ակնհայտ էր իր ամբողջ իրականության մեջ, և, այնուամենայնիվ, Ապրիլյանից հետո ՊՆ-ն ինքը նախաձեռնեց հանձնաժողով ստեղծել և այդ հանձնաժողովում ամեն ինչ վերհանել, վերլուծել՝ և ՛ դրական կողմերը, ինչը բերել է հաջողությունների, և՛ այն բացասականը, որը պետք է վերացնենք (ընդ որում, բացասականի բացահայտման ուղղությամբ ՊՆ-ն, իմ գլխավորությամբ, ինքն իրեն չի խնայել՝ մաքսիմալ բացահայտելու բոլոր թերությունները), և նաև՝ դա քննվեց Ազգային ժողովում: Այն ժամանակ էր, որ ես դեմ էի, ասում էի՝ պետք չէ, որովհետև ՊՆ-ն ամբողջությամբ քննել է, ընդ որում՝ գաղտնի որոշ տեղեկություններ կարող են անցնել այն մարդկանց մոտ, ովքեր այդ գաղտնի թույլտվությունները չունեն, և անհրաժեշտություն էլ չկա, որովհետև ես զգացի, որ դա ինքնագովազդի համար է արվում: Բայց, քանի որ այս պատերազմը մութ կողմեր ունի և նաև այն տարել է պարտության, կարելի է ասել՝ կապիտուլյացիայի, ես կարծում եմ, որ անպայման և՛ ՊՆ-ն իր գծով, իր հանձնաժողովը պետք է ստեղծի և քննի, և նաև՝ պետության մեջ անհրաժեշտ է քննիչ հանձնաժողով ստեղծել»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը շեշտեց՝ ստեղծվելիք հանձնաժողովը պետք է լինի անկողմնակալ, լավագույն մասնագետների ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ. «Իսկ այս իշխանությունների օրոք ես տեսնում եմ, որ անաչառ հետաքննություն երբևիցե չի կարող լինել, որովհետև այս իշխանությունները (մեկ մարդը չէ. իշխանություններն ամբողջությամբ) ստի վրա հենված գործունեություն են ծավալում»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ 168.am–ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը թեմայով նշել էր. «Անհնարին է հաշվարկել՝ քանի տոկոսն է պայթել, որովհետև դա պայթում է՝ ում վրա կրակում են. այնտեղ կարող են հաշվարկել՝ ինչքանն է պայթել: Միայն Ադրբեջանը կարող է ասել՝ քանի տոկոսն է պայթել»:
Նշենք նաև, որ այսօր սկանդալային բացահայտում է արել ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը. իր տելեգրամ ալիքում նա գրում է.
«Դե, քանի որ խոսք գնաց Իսկանդերի մասին, ուրեմն կպատմեմ։
Մոսկվայում մոտավորապես մեկ ամիս առաջ ես շատ ծանր ու երկար զրույց ունեցա ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Ամեն ինչ չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բացեց այս բացառիկ զենքի թեման, ես բառացի կմեջբերեմ Օնիկի բառերը, իսկ դուք ինքներդ որոշեք։
«Պատերազմի երրորդ օրը ես՝ որպես ԳՇ պետ, որոշեցի «Իսկանդեր» կիրառել երկու ռազմավարական օբյեկտների ուղղությամբ` Բաքու-Ջեյհան նավթատարի և ևս մեկի։
Փաշինյանը կատեգորիկ արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եք՝ արեք։
Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ «Իսկանդեր»-ների երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին: Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։
Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել «Իսկանդերը» արդեն Շուշիի ուղղությամբ։ Ես այն կիրառեցի։ Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր։ Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին և նահանջել»»,- գրում է Գաբրիելյանովը»։