Բողոքի երկրորդ ալիքը նոր է սկսվել, և գուցե մենք դեռ ոչ ամենն ենք տեսել և լսել․ Լիլիթ Թումանյան
«Առաջին թեզը, թե շարժումը մարել է, ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Սա միգուցե ժամանակավոր տակտիկական դադար էր, որպեսզի ուժերը վերադասավորվեն, և արդեն տեսնում ենք զգալի փոփոխություններ։ Այո, շատ ճիշտ է, որ մտնում են համալսարաններ, որովհետև, եթե քաղաքական նպատակը երիտասարդությանը գրավելն է, ապա ընտրված հաստատություններն այն տեղն են, և ոչ միայն»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը, ասելով, որ ուրախ է, քանի որ տեսնում է նոր դեմքերի, նոր ձևավորվող քաղաքական գործիչների։
«Բողոքի երկրորդ ալիքը նոր է սկսվել, և գուցե մենք դեռ ոչ ամենն ենք տեսել և լսել։ Մենք արդեն նկատում ենք մարտավարական որոշակի փոփոխություններ և լրացումներ, նոր դեմքերի, բայց դա վերջը չէ, պիպի հասկանանք, թե ուր է այս ամենը տանելու»,- հավելեց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, Լիլիթ Թումանյանը նշեց․
«Այստեղ մենք ունենք երկու տարբերակ․ կամ արեց չկանխամտածված, կամ մտածված, և այո, փետրվարի 23-ի հետ զուգադիպությամբ՝ թիրախավորեց Ռուսաստանին։ Հետևանքները չհաշվարկելն իրեն բնորոշ է, սակայն, եթե երկրորդ տարբերակն է, ապա մենք տեսնում ենք հակառուսականության գծի զարգացում, որի մասին տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ զգուշացնում էին։ Այսինքն, ուզում էր այդպես անել, թե չէր ուզում՝ ստացվեց հակառուսականության գիծ, որի պատասխանը շատ ցավոտ է լինելու։ Մեզ համար թույլ, թիրախավորված կետի վրա է լինելու այդ պատասխանը, օրինակ՝ գերիների վերադարձի։ Մենք շատ լավ գիտենք, որ գերիների վերադարձով զբաղվում է ռուսական կողմը։ Չեմ ուզում կանխավ մեղադրել, որ այդ մարդիկ կարող են նման նուրբ թեմայով պատժել, դա շահարկել, բայց տեսականորեն կարող է այդպես լինել։ Մարդ, ով երկրում ունի բազմաթիվ գերիներ, ունակ չէ նրանց հարցով զբաղվել և գիտի, որ կա դաշնակից, որը զբաղվում է այդ հարցով, ինչպե՞ս կարող է այդքան անհեռատես լինել, չմտածել անգամ դրա մասին կամ թքած ունենալ»։
Խոսելով «Ազատություն» ռադիոկայանի եթերում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն արտահայտության մասին, թե՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու, Լիլիթ Թումանյանն ասաց․
«Անդրանիկ Քոչարյանն այդ հայտարարությամբ լեգիտիմացրեց Մարտի 1-ին տեղի ունեցած գործողությունները՝ իշխանության կողմից։ Այն, ինչի համար մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, ստացվում է, որ լավ է արել։ Այն, որ կարող են ուժ կիրառել՝ պարզ էր, բայց ինչւ՞ւ հիմա չեն անում դա․ որովհետև վստահ չեն, որ դրանով չեն վանի ամբողջ ոստիկանական իրավապահ համակարգը։ Բավական է նման հրաման, և ոստիկանական շարքերը կդատարկվեն»։