«Գուցե գուշակությամբ զբաղվենք, որ հասկանանք՝ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը». վերլուծաբան

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին տված իր հարցազրույցում «Իսկանդերի» հետ կապված «հետաքրքիր» հայտարարություն է արել, որը, ինչպես ռազմական վերլուծաբանների, այնպես էլ՝ շարքային քաղաքացիների համար պարզապես աբսուրդային է։

Պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինչո՞ւ պատերազմի 3-4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել, Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը զարմանք էր առաջացրել նույնիսկ հաղորդավարի մոտ, որը հետաքրքրվել է, թե նման բան լինո՞ւմ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Չգիտեմ, 80-ականների զե՞նք էր գուցե»։

168.am հետ զրույցում ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանն ասաց, որ չի կարող հասկանալ ու մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, քանի որ առհասարակ չի հասկանում, թե ինչ նկատի ունի նա։

«Չգիտեմ, գուցե գուշակությամբ զբաղվենք, որ հասկանանք, թե ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Կամ ի՞նչ կապ ունի 80-ականների զենքը, օրինակ՝ պատերազմի ժամանակ շատ ավելի վաղ շրջանի զենք էլ է օգտագործվել ու պայթել է, էլի։  Առհասարակ ես չգիտեմ, որևէ փորձագետի, որ կհասկանա, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Հայկ Խաչիկյանը։

Ըստ մեր զրուցակցի, օրինակ՝ արկերի դեպքում լինում է  այնպես, որ դրանք չպայթեն՝ տեղ հասնեն, բայց չպայթեն, սակայն անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ 10 տոկոսով պայթել։

«Խոսքը «Իսկանդերին» չի վերաբերում, պայմանական ինչ-որ միավոր, ասենք՝ ենթադրենք՝ պայթուցիկ նյութը 100 կգ է, ինչպե՞ս է ստացվում՝ 10 կիլոգրամը պայթում է, 90-ը չէ՞, դա մի զանգված է:  Կրկնում եմ՝ ինձ համար անհասկանալի է։  Սկզբում պետք է մտածեին՝ նման հայտարարություն անեի՞ն, թե՞ ոչ»,- եզրափակեց Հայկ Խաչիկյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս