«Շատ ցավալի իրողություն է, որը պետք է ունենա հետևանք. իմ մատը ո՞նց կարող է դրան խառը լինել». Անդրանիկ Քոչարյանը՝ Աբու Դաբիի ցուցահանդեսի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ներգրավվածությունը բավականին ծանրակշիռ է հայկական բանակի վերակազմավորման գործընթացում։
«Թվեր չասեմ, բայց նրա ներգրավվածությունը մեզ հնարավորություն է տալիս հրադադարը պահպանելու և զբաղվելու մեր զինված ուժերի վերակառուցմամբ, վերադասավորմամբ, այն խնդիրներով, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։ Առնվազն, եթե մենք կարողանում ենք ներդաշնակ պահել հրադադարի ռեժիմը, ամուր պահենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, հնարավորություն կունենանք հինգ տարվա ընթացքում կարգավորել բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են մեր անվտանգության համակարգին, բանակին առաջին հերթին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա հրաժարվեց մենկաբանել Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով։
Հարցին՝ հնչում են կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը կարող է հայ-ռուսական սկանդալի պատճառ դառնալ, ի՞նչ կարծիքի է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ մինչև Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, շատ վտանգավոր հայտարարություն է արել Հայաստանը 10 տարի ղեկավարած Սերժ Սարգսյանը, նկատի ունենալով «Իսկանդերի» մասին վերջերս Երրորդ նախագահի հնչեցրած միտքը։ Ապա հիշեցրեց մեկ այլ հարցազրույց:
«Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում զինվորական շատ բարձր պաշտոն զբաղեցրած Մովսես Հակոբյանը՝ գեներալ-գնդապետի ուսադիրներով»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության անպատասխան թողնելով հարցը:
Անդրադառնալով Աբու Դաբիում հայկական միասնական տաղավարի ցուցահանդեսին, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Շատ ցավալի իրողություն է, որը պետք է ունենա հետևանք։ Իմ մատը ո՞նց կարող է դրան խառը լինել, ԱԺ-ում այս մատները ո՞նց կարող են խառը լինել, ռազմարդյունաբերական կարիքները ցուցահանդեսում խանգարել, ո՞ր մունդռիկն է ասում, որ իմ մատը խառն է, ասեք այն մունդռիկ լրատվական կայքը, որը նման բան է ասել»։
Դիտարկմանը՝ նման բան է ասել «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ղալաթ են արել, իմ մատները չի կարող երկրի անվտանգության դեմ որևէ բանի մեջ մասնակից լինել։ Իմ մատները միայն անվտանգությունն ապահովող գործընթացների մեջ կարող է լինել և կա»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։