«Նա որևէ կերպ չի բացատրել իր խոսքերը». ռուսական ԶԼՄ-ների անդրադարձն Արցախյան պատերազմում «Իսկանդեր» համալիրի անարդյունավետության մասին Փաշինյանի հայտարարությանը

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը, որի համաձայն` ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն անգործունակ են:

Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել է «Վեդոմոստի»-ն՝ հիշեցնելով, որ 2016 թվականին այլ պետությունների շարքում Հայաստանն առաջինն է ստացել «Իսկանդեր» համալիրները, որոնք նույն տարվա սեպտեմբերին ցուցադրվել են Անկախության օրվան նվիրված ռազմական շքերթում:

«Այդ սպառազինումը Հայաստանը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակներում զենքի մատակարարման մասին համաձայնագրերի հիման վրա: Համակարգի հիմնական նշանակությունը հակառակորդի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի, ինչպես նաև մինչև 500 կմ հեռավորությամբ գտնվող թիրախների ոչնչացումն է: Հայաստանի զինանոցում ընդգրկված է «Իսկանդեր» համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակը՝ 280 կմ հեռահարությամբ»,- ընդգծել է պարբերականը:

Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել է նաև «Գազետա»-ն՝ շեշտելով, որ նման մեկնաբանությամբ վերջինս պատասխանել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ տված հարցին, թե ինչու պատերազմական գործողություններում չեն կիրառվել ռուսական «Իսկանդեր» համալիրները:

«Չպայթած» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի մասին Փաշինյանի հայտարարության անդրադարձել է նաև «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հիշատակելով, որ «Իսկանդերի» կիրառման մասին նոյեմբերին հայտարարել էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, սակայն չէր նշել, թե որ ուղղությամբ է կիրառվել համալիրը:

«Վարչապետն ուղղակիորեն չի հայտարարել համալիրների կիրառման մասին և ոչ մի կերպ չի բացատրել իր խոսքերը»,- նկատում է «Կոմերսանտ» պարբերականը՝ անդրադանալով Փաշինյանի՝ «պայթել են միայն 10 տոկոսով» արտահայտությանը:

«Իսկանդեր» համալիրի արդյունավետության վերաբերյալ Փաշինյանի հայտարարած կասկածին անդրադառնալով՝ «Ինտերֆաքս» գործակալությունը նույնպես մատնանշել է, որ այդ համալիրները ցուցադրվել են 2016 թվականի ռազմաշքերթի ժամանակ, ինչպես նաև հիշեցրել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ «Իսկանդեր» համալիրը գործարկվել է Հայաստանի կողմից պատերազմի վերջին օրերին Շուշի քաղաքի ուղղությամբ:

Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել է նաև«ՌԲԿ» պարբերականը՝ միևնույն ժամանակ նշելով. «Ղարաբաղում անցյալ տարի տեղի ունեցած հակամարտության ժամանակ Հայաստանի սպառազինման կազմում ընդգրկված են եղել առնվազն 16 հրթիռային համալիրներ՝ 8 «Էլբրուս», 4 «Տոչկա» և 4 «Իսկանդեր» տեսակի համալիրներ»:

Տեսանյութեր

Լրահոս