
ԱՄՆ-ում ձերբակալել են մեքսիկացի նարկոբարոն Թզուկի կնոջը

Մեքսիկացի նարկոբարոն Խոակին El Chapo (Թզուկի) Գուսման Լոերայի կնոջը՝ Էմմա Կորոնել Աիսպուրոյին, փետրվարի 22-ին ձերբակալել են ամերիկյան Վիրջինիայի նահանգում թմրանյութերի միջազգային շրջանառությանը մասնակցելու կասկածանքով: Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը: «Խոակին El Chapo (Թզուկի) Գուսման Լոերայի՝ թմրանյութերի առեւտրով զբաղվող մեքսիկական կազմակերպության (հայտնի է որպես «Սինալոա» կարտել) առաջնորդի կինն այսօր Վիրջինայի նահանգում ձերբակալվել է մեղադրանքով, որը կապված է թմրանյութերի միջազգային շրջանառությանը նրա հնարավոր մասնակցության հետ»,-ասվում է գերատեսչության մամուլի տեղեկագրում, որտեղ նաեւ նշվում է, որ նա կասկածվում է մի քանի տարի առաջ բանտից ամուսնու փախուստին օգնելու մեջ:
Նշվում է, որ 31-ամյա Աիսուպորոն ձերբակալվել է Վիրջինիայի նահանգի Վաշինգտոն Դալես միջազգային օդանավակայանում: Սպասվում է, որ արդեն վաղը նա տեսակապով կկանգնի դատարանի առջեւ: Մեքսիկայի ամենահետախուզվող նարկոբարոններից մեկը՝ Թզուկ մականվամբ Գուսման Լոերան, ԱՄՆ-ում դատապարտվել է ցմահ բանտարկության եւ եւս 30 տարվա բանտային կալանքի: Նրան ԱՄՆ-ի իշխանություններին են հանձնել 2017 թվականի հունվարին: Նրա նկատմամբ մեղադրանքներ են առաջադրել միանգամից մի քանի նահանգներ՝ Կալիֆոռնիան, Նյու Յորքը, Տեխասը, Իլինոյսը, Նյու-Մեքսիկոն: Դրանք կապված են ԱՄՆ-ում կոկաինի մատակարարումների, անօրինականորեն զենք պահելու եւ սպանություներ կազմակերպելու հետ: Թզուկն ինքը դատարանում հրաժարվել է ճանաչել իր մեղքը աշխարհում ամենախոշոր նարկոկարտելներից մեկը՝ «Սինալոա»-ն, տասնամյակներ շարունակ ղեկավարելու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: