«Տղերք, դուք ծառայում եք թուրքին, դավաճանին». Արփինե Հովհաննիսյանը՝ ոստիկաններին
«Երեկ ոստիկաններից մեկը ինձ հետևյալն ասաց՝ գիտե՞ք՝ մենք ոչ ոքի կողմից չենք, մենք պետությունն ենք պաշտպանում. տղերք, եկել եմ՝ ձեզ ասեմ, որ դուք պետությունը չեք պաշտպանում, դուք պետությունը կործանողին եք պաշտպանում, դուք մեր պետությունը ոտնատակ տված դահիճին եք պաշտպանում, դուք թուրքին եք պաշտպանում, դուք ձեր ընկերների արյունը Շուշիում թափած ստահակին եք պաշտպանում, դուք ձեր երեխաների ապագան կործանողին եք պաշտպանում»,- Ոստիկանության շենքի դիմաց դիմելով ոստիկաններին՝ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց. «Որ ձեզ կանխիկ փող են տալիս, որպեսզի ձեր հայրենակիցներին ծեծեք, այդ կանխիկ փողը ձեր երեխեքի վրա արդեն պարտք է: Սա դուք պարտավոր եք հասկանալ: Նիկոլը ձեզ բոլորիդ ուզում է դարձնել իր նման, իսկ ինչպիսի՞ն է ինքը՝ մարդատյաց, ինքը եկավ ատելության ալիքի վրա, ինքը ատում է բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր իրեն իշխանության են բերել, որովհետև նրանք, ովքեր իրեն ենթարկվում են, նրա ստրուկներն են, ինքը նրանց չի էլ հարգում, իսկ մնացածին ատում է, և ձեզ դարձրել է մարդատյաց: Դուք այսօր դուրս եք եկել բոլոր հնարավոր բարոյական և իրավական սահմաններից: Շատ կարևոր է մի բան հասկանալ՝ երբ մենք ասում ենք՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա. Օրինական պահանջ կարող է ներկայացնել օրինական իշխանության ներկայացուցիչը, իսկ մենք գործ ունենք օկուպացիոն ռեժիմի, թուրքերի կողմից զավթած իշխանության հետ, որոնց դեմ միայն ազգային ազատագրական պայքար է: Ձեր պահանջը էլ օրինական չէ, տղերք: Դուք ծառայում եք թուրքին, դավաճանին: Դուք պարտավոր եք հասկանալ՝ ոստիկանապետը Փաշինյան Նիկոլի ընկերը և հանցակիցն է, հետևաբար՝ դուք ձեր երեխաների դեմ հանցանք գործելու իրավունք չունեք, ենթարկվելով այդ թվում՝ ձեր ղեկավարին»:
Արփինե Հովհաննիսյանը շեշտեց՝ առանց Նիկոլ Հայաստանը ամենամոտ ապագայում է. «Իսկ դուք առանց Նիկոլ Հայաստանում պետք է թշնամիներ չունենաք ձեր հայրենակիցների մեջ, ուրեմն՝ մտածեք, այս պահից սկսած մտածեք, որովհետև պատիժն անխուսափելի է լինելու»:
Նա հավելեց, որ սպասում են ժողովրդի ոստիկանության ոստիկանապետին, որպեսզի նա ներկայացնի իր բացատրությունները՝ ոստիկանների «անհամաչափ, լկտի պահվածքի» վերաբերյալ: