«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել». Արա Սաղաթելյանի աջակիցները գրքեր «նվիրեցին» ԱԱԾ-ին

ԱԱԾ-ի առջև այսօր կրկին ակցիա էր՝ ի  աջակցություն ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի: Այստեղ էին նաև հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետները, որոնք իրենց հետ բերել էին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված մի շարք գրքեր:

«Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ ենք բերել, որոնք, հուսով եմ, կօգնեն ավելի ծանր հանցագործության մեջ նրան մեղադրել:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի բազմամյա աշխատանքի երևի 0.5 տոկոսն ենք կարողացել այսօր ներկայացնել, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բոլորի համար շատ օգտակար կլինեն այս նյութերը:

Իրեղեն ապացույց թիվ 1՝  «Հայատյացությունն Ադրբեջանում» գիրք, որի համահեղինակն ենք ես և Արմինե Ադիբեկյանը:  Այստեղ նկարագրված է և ներկայացված է Ադրբեջանում հայատյացության ամբողջ խնդրի ակունքները, զարգացումը, ներկա իրավիճակը և ապագան, որը, ցավոք սրտի, այնուամենայնիվ հայանպաստ չի լինելու, և պետք չէ ունենալ որևէ պատրանքներ, թե ադրբեջանցիները սկսեցին անսպասելիորեն սիրել»,- ԱԱԾ-ի առջև ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ ցուցադրելով նաև գրքի անգլերեն և ռուսերեն տարբերակները:

Ադրբեջանագետը ներկայացրեց նաև գրքեր, որտեղ արձանագրված էին Ադրբեջանում պետական քաղաքականությամբ հայատյացության ներմուծումը մանկական գրականության դպրոցական գրականության մեջ, խավիարային դիվանագիտության մասին, թե ինչպես է Ադրբեջանը գնում լոբբիստներ ամբողջ աշխարհում, Արցախյան հակամարտության պատմության և քրոնիկոնի մասին գրքեր, և այլն:

Մի շարք գրքեր ներկայացրեց նաև փորձագետ Մարինա Գրիգորյանը, ապա ակցիայի մասնակիցները գրքերը հանձնեցին ԱԱԾ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանն այնուհետև ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

Այս գործի մանրամասների վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարությամբ էր հանդես եկել . «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan»  կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը»:

Տեսանյութեր

Լրահոս