«Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան». Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության 3-րդ մասնաշենքում է։ Մինչ նրա գալը, արդեն հարյուրավոր ոստիկաններ էին փակել կառավարության 3-րդ մասնաշենք տանող բոլոր ճանապարհները։ Իսկ արդեն նրա ժամանելուց հետո հավաքված քաղաքացիների նկատմամբ ոստիկանները սկսեցին ուժ կիրառել, այդ թվում՝ նաև ՀՀԿ և ՀՅԴ երիտասարդների նկատմամբ։ Նրանք բերման ենթարկեցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանին, ուժի գործադրման հետևանքով Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում։

Քաղաքացիներից մեկը փորձեց թույլ չտալ, որպեսզի ոստիկանները բերման ենթարկեն Իշխան Սաղաթելյանին, սակայն կարմիր բերետավոր տասնյակ ոստիկաններ վազեցին նրա հետևից՝ փորձելով կրկին բերման ենթարկել։

Հավաքվածները փորձեցին ոստիկաններից բացատրություն պահանջել, թե ինչու են նրան տանում, քանի որ հանգիստ կանգնած է։ Քաղաքացիները ոստիկաններին նաև կոչ արեցին հանգիստ թողնել Իշխան Սաղաթելյանին՝ հաշվի առնելով, որ դեմքից արյուն է հոսում, սակայն վերջիններս շարունակեցին իրենց գործողությունները, այդուհանդերձ քաղաքացիներին հաջողվեց իրենց հետ տանել Իշխան Սաղաթելյանին։

Հասնելով ՀՅԴ գրասենյակի մոտ՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ոստիկանները շարունակում են կատարել «թուրքի ու դավաճանի հրահանգները»։

«Ես վնասվածքներ չեմ ստացել, գլուխները պատով են տվել, թեթև բան է, ոչինչ։ Փորձում էին ինձ բերման ենթարկել, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանցագործ խուժանին, հատ-հատ պատասխան են տալու։ Սրանք թուրք են, հայ չեն, ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան, քանի ես շնչում եմ՝ կա՛մ բանտ, կա՛մ ազատություն։ Նիկոլը պետք է տուն գնա, որ այս երկիրը փրկենք բռնապետությունից, ուրիշ բան չի քննարկվում, այլ տարբերակ չկա։ Ինքը խուժան է, այնքան մարդու արյուն է թափել, որ պետք է պատժվի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս