Բաժիններ՝

«17-րդ օրն էր, գնացինք տեսնելու, գլուխս շոյեց ու ոչ մի բառ չասաց». Հակոբ Թովմասյանը համալրեց անմահների գունդը

Իմ հայրիկ, իմ անուշ, թանկ հայրիկ,
Կարոտել եմ անսահման,
Կարոտել եմ խորհուրդներդ անգին,
Որ սրտիցդ էր բխում ամեն մի բառ,
Կարոտել եմ թախծոտ աչքերդ,
Մեղմ ու քնքուշ ժպիտդ,
Կարոտս սրտումս կմնա,
Իմ ամենա-ամենա աննման հայրիկ…

9-ամյա Արեգնազի բանաստեղծությունն է՝ նվիրված ոստիկան հորը՝ Հակոբ Թովմասյանին. նա հայրենիքի համար օրհասական պահին մեկնեց Արցախ ու անմահացավ։
Ոստիկանության կապիտան Հակոբ Թովմասյանը համակարգում էր 2002 թվականից։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ շարքայինից հասնելով կապիտանի կոչման։ 2017 թվականից ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչն էր։

Պատերազմը սկսվելու նախորդ օրը հերթապահության էր։ Մի քանի րոպեով մտել էր տուն։ «Հերթապահությունից եկավ, հարցրի՝ ի՞նչ է եղել, Հակոբ ջան։ Ասաց՝ տագնապ է, պետք է գնանք։ Ու՝ գնաց»,-պատմում է մայրը՝ Արեգնազան Թովմասյանը:

Նախ մարտական պատրաստություն անցան, ապա մեկնեցին Արցախ՝ պաշտպանելու հայրենի հողը։ Ոգևորված էին, մարտական ու բարձր տրամադրությամբ։ Հոկտեմբերի 4-ին հասան Շուշի։ Եվ նույն օրը Հակոբ Թովմասյանը ծանր վիրավորում ստացավ թշնամու արկի պայթյունից։ Նրան հասցրին մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը։

«Չէր կարողանում խոսել։ Ինչ ուզում էր ասել՝ գրում էր։ 17-րդ օրն էր, գնացինք տեսնելու: Գլուխս շոյեց ու ոչ մի բառ չասաց։ Հաջորդ առավոտ պատրաստվում էինք տեսության գնալ, բոթը եկավ…»,-արցունքների միջից պատմում է մայրը։

Հայրենի Պեմզաշենում Հակոբին ճանաչում էին որպես բարի, սրտացավ մարդու: Այգեգործությամբ էր զբաղվում, տիրապետում էր երաժշտական գործիքների, սիրում էր երգել։
Ոստիկանության կապիտան Հակոբ Թովմասյանը համալրեց անմահների գունդը: Նրանց օրինակով դեռ պետք է սերունդներ կրթվեն ու շարունակեն անմահների կիսատ գործը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս