«Փաշինյանի ընտանիքի թերթին ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Մանուկյանի դեմ քրգործ են կարում, և միանգամից իրավապահներն անցել են գործի». Գեղամ Մանուկյան
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» անհնազանդության ակցիայի ժամանակ, երբ երթի մասնակիցները փակել էին դեպի Ֆրանսիայի հրապարակ բերող բոլոր ճանապարհները, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ քրեական գործերն իրենց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի համար նորություն չեն:
ծՀիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել շաբաթ օրն Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ: Տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Այս իշխանությունն ունի մեկ գործիք, քանի իրավապահները դեռ ծառայում են հողատուին, իշխանությանը մնում է քրեական գործեր հարուցել, բանտարկել, բերման ենթարկել: Այսօր էլ մեկ էլ ոչ պաշտոնապես «Հայկական ժամանակին»՝ Փաշինյանի ընտանեկան թերթին, ժամանակակից Правда կոչված թերթին հայտնի է դառնում, որ Վազգեն Մանուկյանի դեմ ինչ-որ քրեական գործ են կարում, ու միանգամից իրավապահներն անցնում են գործի: Պարզապես այսօր իշխանության եկածներն այնքան մեր անցյալը չգիտեն՝ Նիկոլից սկսած, որ ամսի 20-ին Արցախյան շարժման 32-ամյակ են նշում՝ տարեթիվը չհիշելով, այնպես էլ չեն հիշում, թե ո՞ւմ հետ գործ ունեն, չեն հիշում, որ Վազգեն Մանուկյանն այդ քրեական գործերը տեսել է 60-ականներից սկսած, չեն հասկանում, որ մեր ժողովուրդը ոտքի է ելել, բանտով, բռնությամբ, ձերբակալմամբ չեն կարող այլևս կասեցնել, որովհետև սա մեր արժանապատվության, մեր երկրի, մեր պատվի, մեր Արցախի համար պայքար է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
«Առանց Նիկոլ Հայաստան»,- կարգախոսով եզրափակեց նա: