«Շենքերը, որի մասին իրենք այդքան մտածում են, հասած տանձի նման ընկնելու են մեր ձեռը». Վազգեն Մանուկյան

Կառավարության հրաժարականի պահանջով՝ «Միասին փրկենք մեր հայրենիքը» անհնազանդության երթի մասնակիցները Պրահայի այգուց երթով հասան մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շարքային քաղաքացիներից շատերը հիշեցին, որ երկու տարի առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր այդ հրապարակում բողոքում, որ իշխանության գար։

Քաղաքացիներից մեկը բարձրաձայնեց. «Նիկոլ, 2,5 տարի առաջ այս հրապարակում քեզ թագադրեցինք, բայց դու դավաճան եղար, թու քո նամուսին»։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ դիմելով ներկաներին՝ ասաց, որ այն, ինչ կատարվեց, սարսափելի է, և այն, ինչ որ սպասվում է՝ ավելի սարսափելի է լինելու։

«Սա քաղաքական պայքար չէ, մենք ուզում ենք փրկել հայ ազգը, Հայաստանում սահմանադրությունը չի աշխատում, և այդ պատճառով էլ ամեն օր իրենք խախտում են Սահմանադրությունը։ Ամուր կացեք, միասին կգնանք ու կհաղթենք, կունենանք մի երկիր, որի մասին երազել ենք, և այդ երկիրը կկառուցենք։ Այսպես կամաց-կամաց ազատելով հրապարակներ, փողոցներ, վերջն ամեն ինչը մեր ձեռն է լինելու, իսկ այդ շենքերը, որի մասին իրենք այդքան մտածում են, հասած տանձի նման ընկնելու են մեր ձեռը, ամուր եղեք»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Արձագանքելով Վ. Մանուկյանի ելույթին՝ քաղաքացիներից մեկն ասաց. «Սովետի տանկերի տակ ենք պառկել, սրանք ո՞վ են, որ վախենանք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս