Արմեն Սարգսյանը պետք է անի երկու գործողություն․ Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն այսօր «Միասին փրկենք մեր հայրենիքը» անհնազանդության երթի ժամանակ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հայտարարեց, որ Արցախի կորստից հետո շատ հայրենակիցներ հասկացան, թե ում էին բերել իշխանության։
«Նրանք կարող էին 2018 թվականին հասկանալ, որ իշխանության են բերել մեկին, որը սիրում է միայն նյութապաշտությունը, հարմարավետությունը, մե՛կ այս պալատն իրեն էր անում, մե՛կ հանձնում նախագահին։ Մարդ, որ իր ամբողջ ընտանիքով ունի մեկ երազանք՝ տաքուկ ու հանգիստ ապրել։ Հիմա դիմում ենք ՀՀ նախագահին, այն նախագահին, ով պատերազմի ավարտից մի քանի օր հետո հանրային բողոքներից հետո պաշտոնապես միացավ ժողովրդական պահանջին՝ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Նա շեշտեց, որ նախագահը պետք է անի երկու գործողություն՝ պահանջի վարչապետի և կառավարության հրաժարականը, և չվավերացնի որևէ փաստաթուղթ, որն ուղարկում են նախագահական վավերացնելու՝ վարչապետի աթոռը գրաված անձի կողմից։
Ըստ նրա, նախագահն ունի այդ փաստաթղթերը չվավերացնելու իրավունք, քանի որ վերջինս Նիկոլ Փաշինյանի նախագահը չէ, այլ ՀՀ նախագահն է։
«Նա պետք է պաշտպանի քաղաքացիների իրավունքները, և Նիկոլի ու կառավարության հրաժարականի պահանջը ժամ առաջ իրականություն դարձնելու համար, որպեսզի ձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Ժամանակը կարճ է, կարճ է նաև Արմեն Սարգսյանի ու Բաղրամյան 26-ի համար, որովհետև նա երաշխավորն է ՀՀ սահմանադրության, որն այսօր ոտնատակ է տրվում»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։