Բաժիններ՝

Մինչև 2021 թվականի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 դիակի դատաբժշկական փորձաքննություն. 1645 մարմին և մասունք է նույնականացվել

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 դիակի դատաբժշկական փորձաքննություն: 18.02.2021 թվականի դրությամբ` 3684 դիակի դատաբժշկական փորձաքննությունից 1645 մարմին և մասունք է նույնականացվել»,- 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Առողջապահության նախարարությունից:

Մինչ օրս ԴՆԹ քանի՞ նմուշ է վերցվել հարազատներից և քանի՞ նմուշ է վերցվել մարմիններից՝ նախարար Անահիտ Ավանեսյանին ուղղված մեր մյուս հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են. «18.02.2021 թվականի դրությամբ ԴՆԹ հետազոտման համար վերցվել է հարազատներից 2224 փորձանմուշ և 2205 դիակային փորձանմուշ»:

Նախարարությունից չեն հայտնել, թե որքա՞ն է տևում ԴՆԹ նմուշների հետազոտման փուլը՝ պարզաբանելով՝ «կապված ոսկրի տեսակից, վնասվածության, նեխային փոփոխությունների աստիճանից՝ ԴՆԹ փորձանմուշների հետազոտման հստակ ժամկետ հնարավոր չէ սահմանել»:

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, թե քանի՞ զոհ, քանի՞ վիրավոր կա, պատասխանել էր.

«…Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ կարգը մոտավորապես հասկանալի լինի՝ չորս հազարը չի անցնելու զոհերի թիվը։ Եվ Պաշտպանության նախարարությունն արդեն վերջնական ցուցակների ճշգրտումով, անհետ կորածների հետ կապված նույնականացումներով, գերիների նույնականացումներով, վերջնական զեկույցով իր, կներկայացնի»։

168.am-ի՝ զոհերի, վիրավորների ու անհետ կորածների թվի վերաբերյալ հարցին պատասխանելու համար Պաշտպանության նախարարությունից ժամանակ են խնդրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս