ԵՊՀ-ում կգործի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն

Երևանի պետական համալսարանում կգործի ժամանակակից սարքավորումներով համալրված Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ՝ ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կենտրոնի ստեղծումը և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագրի ներդրումը կնպաստեն ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիականացմանը, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Աշխատանքային խումբը շրջել է բուհի կողմից վերանորոգված և լաբորատորիայի համար նախատեսված տարածքում, որը համալրվել է ծրագրով նախատեսված լաբորատոր կահույքով և գերժամանակակից վերլուծական սարքավորումների երկու խմբաքանակով: Շրջայցի շրջանակում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկել են ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:

Դրամաշնորհային ծրագրի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշել է, որ գերժամանակակից վերլուծական սարքավորումների մյուս խմբաքանակի մատակարարումը կիրականացվի ծրագրի հաջորդ փուլի ընթացքում: Միաժամանակ բուհը ոչ գումարային ներդրումների շրջանակում տրամադրել է նաև լաբորատոր սարքավորումներ ու համակարգչային տեխնիկա: Ընթացքում են «Դեղերի որակի հսկում և գնահատում» մագիստրոսական նոր ծրագրի հաստատման աշխատանքները:

Նշվել է, որ ծրագրի շրջանակում պայմանագրեր են կնքվել տեղական դեղագործական և հարակից մասնագիտական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների հետ: Արդյունավետ համագործակցություն է ծավալվում ոլորտի գիտահետազոտական և դեղագործական այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, «ԱՐՓԻՄԵԴ» և «ԼԻՔՎՈՐ» դեղագործական ընկերությունները, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» և ՌԴ Բելգորոդի պետական հետազոտական համալսարանը:

Այցի ընթացքում դիտարկվել է նաև արդեն իսկ ձեռք բերված լաբորատոր սարքավորումների համապատասխանությունը պայմանագրով սահմանված չափանիշներին, ինչպես նաև քննարկվել են դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին պատասխանատուները հավաստիացրել են, որ կենտրոնի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև կայքը մշակման փուլում են:

Տեսանյութեր

Լրահոս