«Մեր հողերը և արոտավայրերը թշնամու դիրքերին շատ մոտ են, անասունների պահելը մի քիչ դժվարացել է». Ներքին Հանդի վարչական ղեկավար

Սյունիքի մարզում տեղի ունեցած դիրքային փոփոխությունների արդյունքում, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձել են սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փետրվարի 15-ին հրապարակված ցուցակով մի շարք համայնքների հետ միասին Ներքին Հանդ գյուղը նույնպես ներառվել է սահմանամերձ գյուղերի ցանկում։

168.amի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ բնակիչները նորմալ ապրում են, և այնպես չէ, որ խուճապ կա։

«Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր հողերը և արոտավայրերը սահմանին մոտ են, դրանք թշնամու դիրքերին շատ մոտ են։ Այդ պատճառով էլ այս պահին անասունների պահելը մի քիչ դժվարացել է։ Գարնանը, երբ գյուղատնտեսական աշխատանքները սկսվի, տեսնենք, էլի, թե ինչպես ենք կազմակերպում, որ բնակիչներն անվտանգ աշխատեն»,- ասաց Խաչատուր Բաղդասարյանը։

Ըստ նրա, 1990-ականներից հետո Ներքին Հանդը սահմանամերձ չի եղել, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո և Սյունիքում դրան հետևած իրադարձությունների համատեքստում գյուղը դարձավ սահմանամերձ։

«Թշնամին մեր գյուղից 150-300 մետր հեռավորության վրա է։ Նրանց վերահսկողության տակ մեր մշակովի հողերից չի մնացել, բայց շատ է մոտեցել դրանց։ Հիմա որ ասեմ՝ խնդիր կա, չէ, որովհետև դեռևս գյուղատնտեսական աշխատանքները չենք սկսել։ Դաշտ չենք գնացել, որ ասեմ՝ կրակոց կա, բան կա։ Դե, չնայած, առանց դրա էլ վտանգը կա, այնպես չէ, որ չկա, թշնամուց ամեն ինչ սպասելի է։ Գարունը բացվի, կտեսնենք, էլի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ներքին Հանդի վարչական ղեկավարը նաև տեղեկացրեց, որ գյուղից այլ գյուղեր գնալիս ճանապարհն անվտանգ է, սակայն մարզկենտրոն՝ Կապան հասնելն է դժվարացել, քանի որ անցնում են անմիջապես թշնամու հսկողության տակ հայտնված ճանապարհով։

«Կողքի գյուղեր գնում ենք, բայց մարզկենտրոն գնալիս` անմիջապես իրենց մոտով ենք գնում, մեր սահմանապահն ու ռուսը կանգնած են։ Թուրքը կանգնած է Կապան-Ճակատեն ճանապարհին»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի ապահովել բնակիչների անվտանգությունը։

Տեսանյութեր

Լրահոս